Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի տեղակայումը նոյեմբերի 9-ի համաձայնագրի կոպտագույն խախտում է․ կառավարության ապրիլի 27-ի նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է իր հսկողության տակ պահի Լաչինի միջանցքով բնականոն երթևեկությունը ու բացի Ռուսաստանից որևէ մեկը չպետք է այնտեղ վերահսկողություն ունենա։
«Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների ու վեճերի լուծման գործուն համակարգ։ Ադրբեջանի ջանքերը Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն ու դրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում, որպես առաջին քայլ՝ փաստահավաք առաքելության գործուղումն է»,- ասաց Փաշինյանը։
***
Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, իր հսկիչ-անցագրային կետն է տեղադրել։
Հայաստանը Ռուսաստանին կոչ է արել «ի վերջո կատարել ստանձնած պարտավորությունը»։ Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, հատկապես՝ Ռուսաստանին՝ «ամենակարճ ժամկետում ակնկալելով գործուն քայլեր»։