1000 խոշոր հարկատուները 2023-ի առաջին եռամսյակում վճարել են 381 միլիարդ դրամի հարկեր

2023-ի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ վճարած մոտ 21 միլիարդ դրամի հարկերով։ Այդ մասին տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առաջին հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որ վճարել էր 35,4 միլիարդ դրամ։ Կոմբինատի հարկերը այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 15,4 միլիարդ։ Անցած տարի կոմբինատի կողմից վճարված հարկերի թռիչքաձև աճի պատճառը կոմբինատի կողմից պետությանը պատճառված վնասի վերականգնումն էր՝ 15 միլիարդ դրամի չափով, ինչպես նաև միջազգային շուկայում պղնձի գնի բարձր լինելը։

Վճարած հարկերն էականորեն ավելացրել է նաև «Գրանդ տոբակո»-ն՝ 7,8 միլիարդից հասցնելով 11,6 միլիարդի, հարկերն ավելացրել է նաև «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը. ընկերությունը 2023-ի հունվար-մարտին բյուջե է վճարել 7,2 միլիարդ դրամ։

Հարկերի ծավալով տպավորիչ աճ է գրանցել «Ակբա» բանկը։ Ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած մոտ 7 անգամ ավելի հարկ է վճարել (7,1 միլիարդ դրամ)։

Բջջային հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ»-ը եթե 2022-ի առաջին 3 ամիսներին վճարել էր մոտ 1,3 միլիարդ դրամի հարկեր, այժմ այդ թիվը գերազանցել է 5,3 միլիարդը։ Վճարած հարկերի ծավալը մեծացրել են նաև վառելիքի խոշոր ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող CPS և «Ֆլեշ» ընկերությունները, մի փոքր նվազել են «Մաքս օիլ»-ի վճարած հարկերը։

Հեռահաղորդակցության օպերատորներից էականորեն հարկերն ավելացրել է «Յուքոմ»-ը, եթե 2022-ի առաջին եռամսյակում ընկերությունը վճարել էր 2,4 միլիարդի հարկեր, այժմ այդ թիվը կազմել է 3,4 միլիարդը։ «ՄՏՍ Հայաստան»-ի վճարած հարկերն այս տարվա առաջին եռամսյակում հիմնականում համահունչ են անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարած թվերին, իսկ Team telecom-ը ավել է վճարել մոտ 200 միլիոն դրամի հարկեր։

Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են 381 միլիարդ դրամ։ Խոշոր հարկատուների կազմում չեն ներկայացվել պետական կառավարչական հիմնարկների վճարած հարկերի ցուցանիշները։

Մեկնաբանել