Սա իշխանության ցինիզմի դրսևորումն է` խորշելի մեթոդներով. Լարիսա Ալավերդյան

«Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նշեց, որ մեղադրանքները, թե քաղաքացիական նախաձեռնությունները զինվորական բժշկի ողբերգական մահը քաղաքական շահարկումների առարկա են դարձնում, լիովին անհիմն են: «Ողբերգության քաղաքականացումը իրական կլիներ, եթե իշխանությունն իր տեղում լիներ. եթե այն աներ իր գործը, լիներ իր տեղում, իսկ որևէ մեկը դրան քաղաքական բնույթ տար»,- ասաց նա:

Ալավերդյանը հիշեցրեց, որ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանի բակում տեղի ունեցած դաժան ծեծից շուրջ 72 օր է անցել, և եթե ոստիկանությունն ու դատախազությունը ցուցաբերեին կամք և չգործեին դեպքերը կոծկող, ավելին` դեպքերը ոչնչացնող ռազմավարությամբ, գուցե այսքան մեծ չէր լինի հանրային ընդվզումը: «Վահե Ավետյանի դեպքն աչքի է ընկնում իշխանության կողմից խորշելի մեթոդներով ցինիզմի դրսևորումով: Դա սադիստական մեթոդներով սպանություն է եղել»,- ասաց նա:

Ադրբեջանական իշխանությունների` ստի, իրավախախտումների ու անպատասխանատվության հետ աշխատանքի բերումով տարիներ շարունակ առնչված իրավապաշտպանը նշեց, որ նույն քաղաքականությունն ունի այսօր Հայաստանի իշխանությունը: «Հանցագործությունը չունի ազգություն, և երբ իշխանությունն ուզում է կոծկել հանցագործությունը, նա նախ և առաջ հանցանշաններն է ոչնչացնում,- փաստեց նա:- Ես սարսափով տեսնում եմ, որ մեր իշխանության կողմից հենց դա է տեղի ունենում»:

Հասարակության ընդվզումն, ըստ Ալավերդյանի, ծնվեց հատկապես այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ իշխանության կողմնակալությունը: «Սարսափելին նույնիսկ ոչ այնքան սպանությունն է, որքան այդ ցուցադրական կոծկումն է` ծածկում, պարտակում են, և քաղաքական առումով էլ ցույց են տալիս, որ դա հենց քաղաքական առումով ունի նշանակություն: Հասարակություն չի քաղաքականացնում, քաղաքականացրեց հենց իշխանությունը»,- նշեց նա:

Որպես օրինակ` Ալավերդյանը հիշեցրեց, որ դեպքից անմիջապես հետո հայտարարվեց, թե ծեծի ենթարկողները ոչ թե պատգամավորի անվտանգության աշխատակիցներն էին, այլ` ռեստորանի աշխատակիցներ, ծանր հանցագործությունից հետո դեպքի վայրը զննության համար չմեկուսացվեց, նշված ավելի քան մեկ տասնյակ մարդու փոխարեն ձերբակալվեց միայն վեցը:

Անդրադառնալով Հայրապետյանի` մանդատը վայր չդնելու «շարժման» կազմակերպած ստորագրահավաքին` Ալավերդյանը փաստեց. «Ցանկացած երկրում կարելի է գտնել ինը-տաս հոգի, որ կստորագրեն ցանկացած նամակի տակ»:

Ներկայիս քաղաքական վիճակն, ըստ նրա, արտահայտում է քաղաքացիների հիասթափությունը քաղաքական ուժերից: «Կա մի մերժողականություն` նիհիլիզմ, ընդհանրապես քաղաքական ուժերի նկատմամբ: Հայաստանը հիմա այդ վիճակում է: Հայաստանում հիմա տարբեր խնդիրների շուրջ համախմբվում են ամենատարբեր աշխարհայացքի, ճամբարների մարդիկ, ու մարդիկ միանում են այդ շարժումներին, քանի որ կա հիմնավոր անվստահություն քաղաքական բոլոր ուժերի նկատմամբ:

Քաղաքացիական շարժումների բարձրացրած բոլոր խնդիրների լուծումները քաղաքական դաշտում են. սակայն եթե քաղաքական դաշտը շարունակի մնալ այս` կիսապասիվ կամ պասիվ վիճակում, ապա քաղաքացիական շարժումները փորձելու են պարտադրել իրենց որոշումները քաղաքական դաշտին: Եթե չստացվի, ապա այդ շարժումներից ծնվելու են նոր քաղաքական ուժեր: Դրանից խուսափել կամ դա դատապարտել պետք չէ: Դա քաղաքական դաշտի համար մի նոր մրցակցային վիճակ է ստեղծում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

ԱԺ-ում «Ժառանգության» խմբակցության նախկին անդամը ևս հիասթափվել է իր կուսակցության որդեգրած մարտավարությունից: « «Ժառանգություն»-ը որդեգրել է ինձ համար խորթ քաղաքականություն: Այն մեթոդները, որ կարող է օգտագործել որևէ խոշոր կուսակցություն (իրեն կարող են քննադատել, դատապարտել և այլն, դա նրան չի սասանում), չպիտի օգտագործի փոքր կուսակցությունը. դա ինձ համար օտար մեթոդիկա է»,- ասաց նա: Ալավերդյանն ափսոսանքով նկատեց` թերևս պետք էր պահպանել «փոքրերի» միակ զենքը` ազնվորեն բոլոր երևույթներին արձանագանքելը: «Ես կցանկանայի, որ իմ բոլոր կոլեգաները, որ դուրս են մնացել Ազգային ժողովից, նորից ընդգրկվեին, քանի որ թիմ ստեղծելը, իրոք, շատ դժվար է»,- նշեց նա:

Մեկնաբանել