Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովին:

Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող հարցեր:

«Ընդգծել եմ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Երկուստեք կարևորել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը: Նրան եմ փոխանցել Արցախի իշխանությունների ակնկալիքը ՌԴ խաղաղապահ զորակազմից, որ սեղմ ժամկետում կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան»,- տեղեկացնում է Արայիկ Հարությունյանը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, իր հսկիչ-անցագրային կետն է տեղադրել։ Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, հատկապես՝ Ռուսաստանին՝ «ամենակարճ ժամկետում ակնկալելով գործուն քայլեր»։