Երկու ժողովուրդներին շանս է տրված, Բաքվում ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը

Խաղաղության հասնելու գործում երկու ժողովուրդներին շանս է տրված․ Բաքվում այսօր հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ ադրբեջանցի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ մամլո ասուլիսին։

Կատրին Կոլոննան տարածաշրջանային այցով այօսր ժամանել է Բաքու, իսկ ապրիլի 28-ին կլինի Երևանում:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բայրամովի հետ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ «Ոչ թե պետք է հետքայլ անել, այլ առաջ շարժվել։ Խաղաղության ուղղությամբ առաջ շարժվելը նշանակում է ուժի գործադրումից հրաժարում»։ Կոլոննան առաջարկել է Փարիզի միջնորդությունը:

Ֆրանսիայի արտգործնախարարը կրկնել է ֆրանսիական կողմի ավելի վաղ արտահայտած դիրքորոշումը՝ քննադատելով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը: Ադրբեջանը ապրիլի 23-ին անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ ռուսական խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հայաստանի սահմանին մոտ։

Բաքվում Կոլոննան ընդգծել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պետք է կատարվի՝ նկատի ունենալով դատարանի փետրվարի 22-ի վճիռը, որն Ադրբեջանին պարտավորեցրել է բացել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շրջափակված է պահում 2022-ի դեկտեմբերի 12-ից։

Արձագանքելով ֆրանսիացի պաշտոնակցի հայտարարություններին՝ Բայրամովն իր անհամաձայնությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված հարցում՝ ասելով, թե անցակետի տեղադրումը իրականացվել է Ադրբեջանի սահմանադրության համաձայն:

«Մինչև այդ քայլին դիմելը մենք երկուսուկես տարի է բացատրում էինք խնդրի էությունը: Այնինչ ֆրանսիական կողմն այս ընթացքում Հայաստանին գեթ մեկ անգամ կոչով չի դիմել»,- ասել է Բայրամովը։ Ինչ վերաբերում է Միջազգային դատարանի որոշմանը՝ նա ասել է, թե իբր «Լաչինի ճանապարհը մշտապես բաց է քաղաքացիների, ապրանքների և տրանսպորտային միջոցների համար»:

Բայրամովը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներում կվերսկսվեն Հայաստանի հետ բանակցությունները:

Բաքվում Կոլոննան հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որն ասել է, թե Բաքուն խաղաղության պայմանագրի համար Հայաստանին առաջարկել է հինգ սկզբունք։ Նա ևս ասել է, թե Լաչինի միջանցքում ճանապարհի տեղադրումն Ադրբեջանի «ինքնիշխան իրավունքն է»։ Ալիևը կրկնել է իր նախկին հայտարարությունը, թե Հայաստանը զենք-զինամթերք և ռազմական նշանակության այլ ապրանքներ էր տեղափոխում միջանցքով:

Ապրիլի 27-ի երեկոյան Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Երևան:

Մեկնաբանել