Ռուսաստանի փոխարտգործնախարարը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին

Ապրիլի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ: Այդ մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները։

«Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թթ. պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ պահպանման կարևորությունը»,- տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

***

Ապրիլի 25-ին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Երևանում խորհրդակցություններ էր անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանի և Մնացական Սաֆարյանի հետ: Գալուզինը առանձնազրույց էր ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 27-ին տեղեկացրել էր, որ ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Մեկնաբանել