Ցանկանում ենք՝ բանակցություններ սկսվեն ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը՝ նշելով, որ դա Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Կոլոնան շեշտել է, որ Ֆրանսիան ցանկանում՝ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև։

-Տիկին նախարար, Ադրբեջանն արդեն 4 ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ֆրանսիան, անընդունելի են համարել Լաչինի միջանցքի արգելափակումը և Ադրբեջանին կոչ են արել ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Վերջերս նաև Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց անհապաղ բացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը, սակայն Ադրբեջանը շարունակում է փակ պահել միջանցքը՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր կոչերն ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Չե՞ք կարծում, որ արդեն ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը խոսքից գործի անցնի և հստակ քայլեր ձեռնարկի, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Ի՞նչ քայլերի է պատրաստ Ֆրանսիան այս ուղղությամբ, արդյոք դիտարկո՞ւմ եք Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի դադարեցնում ագրեսիվ գործողությունները նաև Հայաստանի դեմ՝ ինչ գործնական քայլերի են պատրաստ ԵՄն և Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի 1991 թվականի սահմանագծի երկայնքով զորքերն անվտանգ հեռավորությամբ տեղակայելու առաջարկվող լուծումը կյանքի կոչելու ուղղությամբ։

-Դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումն անընդունելի է։ Ես բազմիցս առիթն ունեցել եմ արտահայտելու Ֆրանսիայի դիրքորոշումն այս առնչությամբ։

Այս իրավիճակն անընդունելի է, քանզի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։ Այն, սակայն, խոչընդոտում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շարունակմանը, որին վճռականորեն հանձնառու է վարչապետ Փաշինյանը, և լուրջ վտանգ է տարածաշրջանի կայունության համար, որի վրա արդեն իսկ խորապես ազդում է ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստը։

Մենք պետք է միասնաբար գնահատենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքները։ Այն, ինչ ապրում ենք այսօր՝ պատերազմի վերադարձն է մեր մայրցամաք: Սակայն, առավել հիմնարար առումով, սա նաև գիտակցված փորձ է՝ վիճարկելու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգի հիմնարար սկզբունքները՝ փոխարինելով ուժի օրենքով։ Սա վճռորոշ պահ է, որը յուրաքանչյուրին պետք է ստիպի գնահատել իր պատասխանատվությունը և գիտակցել, որ խաղաղությունը մեր ամենաթանկ արժեքն է։

Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կայացրեց ամփոփ դատավարության ընթացքում՝ պահանջելով Բաքվից իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար: Որոշումը պարտադիր է բոլորի համար, և պետք է հարգվի։ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ը։

Ֆրանսիայի ցանկությունն է, որ բոլոր վեճերը լուծվեն բացառապես բանակցային ճանապարհով։ Սա է Ֆրանսիայի հանձնառության հիմքում՝ Եվրամիության կողքին։ Եվ պատասխանատվության, բանակցությունների վերսկսման և օրենքի հարգման այս կոչը լսելի դարձնելու համար է, որ ես այս շաբաթ այցելում եմ Ադրբեջան և Հայաստան:

-Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը իրենց ներքին հարցն է, և չեն պատրաստվում որևէ մեկի հետ դա քննարկել, մինչդեռ հայկական կողմը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում առաջ է քաշում նաև Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորելու , Լեռնային Ղարաբաղի անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային երաշխիքների հարցը։ Ո՞րն է Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում՝ նաև որպես ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկիր։

-Մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև՝ բնակչության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ։ Սա ենթադրում է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման հարցի վերաբերյալ։

Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը: Դա նրա անխախտ իրավունքն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել