Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գրականության օրերը` Հայաստանում

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված տոնակատարությունների համատեքստում, օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Երևանում անցկացվում են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գրականության օրեր. այս մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Այդ առթիվ Հայաստանում հյուրընկալվում են բանաստեղծ, «Ֆրիդրիխ Բոդեքեր» միության նախագահ Յուրգեն Յանկովսկին և բանաստեղծ, «Օդա» պոեզիայի հանդեսի գլխավոր խմբագիր Անդրե Շինքելին:

Ծրագրի շրջանակում, օգոստոսի 27-ին, ՀԳՄ-ում կայացել է Յուրգեն Յանկովսկու և Անդրե Շինքելի հանդիպումը հայ գրողների հետ: Նախատեսվում են նաև գրողների և հրատարակիչների հանդիպումներ, երկու միությունների ստեղծագործական ծրագրերի քննարկումներ, համատեղ սեմինարների կազմակերպում:

Այսօր ժամը 17:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ՀՀ Մշակույթի նախարարության, ՀԳՄ-ի, Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ կկայանա «Արդի հայ պոեզիա» (գերմաներեն) և «Արդի գերմանական պոեզիա» (գերմաներեն-հայերեն զուգադիր) անթոլոգիաների շնորհանդեսը:

Ծրագրի մասնակիցները օգոստոսի 30-ին կմեկնեն Արցախ, որտեղ նույնպես կկայանան գրական-ստեղծագործական հանդիպումներ Արցախի գրողների հետ:

Մեկնաբանել