Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ապրիլի 28-ին Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ներկայացրեց 2022-ի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։
Ասրյանի խոսքով՝ ներկա պահին հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է Հայաստանի տարածքում։
«Ես անմիջական տարածքում ցույց կտամ, թե Ջերմուկ քաղաքի համար ինչ վտանգ է ներկայացնում հակառակորդի ներկայությունը Հայաստանի տարածքում: Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է մոտ 60 քառակուսի կիլոմետր՝ մոտ 11 կմ ճակատով և մոտ 8 կմ խորությամբ»,- տեղեկացրեց նա։
Լրագրողների հետ ճեպազրույցում Էդվարդ Ասրյանն ասաց, որ սահմանային իրադրությունը ներկա պահին հարաբերականորեն կայուն է, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ:
Ինչ վերաբերում է Տեղի գյուղի հատվածում իրավիճակին, ԳՇ պետը նշեց․ «Տեղի ուղղությամբ հակառակորդի հետ Հայաստանի զինված ուժերը արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, ունենք նաև ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը, կատարելագործում ենք, բարելավում ենք օր–օրի։ Իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ էլ ավելի բարելավելու, հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում նաև առավելություն ստանձնելու ուղղությամբ։ Մյուս հատվածներում զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրները կատարում են»: