Սեռական ոտնձգությունը՝ Հայաստանում․ թվեր, օրենք, մշակույթ

CivilNet Editing.01_22_17_16.Still013

«Մաման ամեն ինչ անում էր, որ ոչ մեկ չիմանա իմ հղիության մասին, ամաչում էր ու ինձ թաքցնում բոլորից։ Մենակ սոցիալական աշխատողի հետ խոսելուց հետո հասկացավ, որ իմ հետ կատարվածը բռնություն ա»։

«Ինձ հույս էի տալիս, որ ծնողներս, ամեն ինչի մասին իմանալով, կողքիս կկանգնեն հետագայում։ Երբևէ չեմ դիմել որևէ աջակցության։ Մեղքի ու անզորության զգացում էր»։

«Ես երկրորդ դասարանում էի, մեր հարևանն էր, դեպքը տեղի ունեցավ մեր բակում, ինքը տասնչորս տարեկան էր, ես՝ ութ։ Շատ էի վախենում, ամեն ինչ անում էի, որ մերոնք չիմանային»։

Բռնության ենթարկված անձանց անանուն պատմություններն են։ Ապրիլի 19-ին ցուցադրվում էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում՝ Սեռական բռնության թանգարանում։ Միջոցառումը կազմակերպել էր Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը։ Ապրիլը սեռական բռնության դեմ պայքարի իրազեկման ամիսն էր։

1970-ականներին ԱՄՆ-ում սկսեցին հիմնադրվել կազմակերպություններ և կոալիցիաներ, որոնք աջակցում էին բռնաբարության զոհ դարձած անձանց։ Բռնաբարության և սեռական ոտնձգությունների դեմ շարժումը թափ էր առնում, և 1976-ին «Վերադարձնենք մեր գիշերը» (Take back the night) քայլերթի ժամանակ կանայք քայլում էին այն վայրերով, որտեղ սովորաբար իրենց անապահով էին զգում կամ որոնք իրենց համար անհասանելի էին, քանի որ այդ վայրերում երեկոյան ժամերին սեռական բռնության զոհ դառնալու հավանականությունը մեծ էր: 2001-ին ապրիլը պաշտոնապես հայտարարվեց սեռական բռնության իրազեկման ամիս։

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ աշխարհում ամեն երեք կանանցից մեկը կյանքի ընթացքում ենթարկվում է սեռական կամ ֆիզիկական բռնության։ Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։

Քրեական օրենսգիրք

2022-ին ուժը կորցրած Քրեական օրենսգրքով սեռական ոտնձգությունները կարգավորվում էին 134-142-րդ հոդվածներով։ Ըստ այս հոդվածների՝ Հայաստանում 16 տարին լրացած անձի նկատմամբ քրեորեն պատժելի է միայն բռնաբարությունը, սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը, սակայն սրանք սեռական ոտնձգության ընդամենը մի տեսակն են։ Այսինքն՝ տասնվեց տարին լրացած անձի նկատմամբ սեռական հետապնդումները, սեռական բնույթի հպումները կամ սեռական օրգանները ցուցադրելը օրենսդրությամբ չէին կարգավորվում։

2013-ին ընդունվեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքը։ Այս օրենքով առաջին անգամ սահմանվեցին «սեռական ոտնձգություն» և «սեռական հետապնդում» հասկացությունները։ Փաստորեն՝ կար երևույթի սահմանումը, կար արարքը կատարելու արգելքը, սակայն չկար արարքի համար պատասխանատվության ենթարկող նորմ։

2021-ին ընդունվեց Քրեական նոր օրենսգիրքը, որում սեռական ոտնձգությունը կարգավորվում է 198-202 հոդվածներով։

138-րդ հոդված (2021թ. Ուժը կորցրած Քրեական օրենսգիրք)

Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

198-րդ հոդված (2021թ. ընդունված Քրեական օրենսգիրք)

Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով։ Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով հանցագործությունից տուժած անձի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով`պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Նախկին օրենսգրքի 138 և 139 հոդվածները վերաբերում էին միայն սեռական ակտին։ Սեքսուալ բնույթի այլ գործողություններն իրավակիրառ պրակտիկայում այս հոդվածներով չէին կարգավորվում։ Նոր օրենսգրքով սեքսուալ բնույթի բռնի գործողություններին անդրադարձող 198-րդ հոդվածում նշվում են «սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը» և «հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով» եզրույթները։ Այնուամենայնիվ, սեռական բնույթի անցանկալի հպումները 16 տարին լրացած անձի նկատմամբ շարունակում են մնալ քրեորեն ոչ պատժելի. 201-րդ հոդվածով կարգավորվող անառակաբարո գործողությունները (որոնցով նախկինում քննվում էին սեքսուալ բնույթի անցանկալի հպումները դեպքերը) շարունակում են վերաբերել միայն 16 տարին չլրացած անձանց։

Փաստաբան Լուիզա Վարդանյանի խոսքով՝ հնարավոր է, որ պրակտիկան զարգանա և 16 տարին լրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի հպումները կարգավորվեն 198-րդ հոդվածով, բայց այս պահին հարցը մնում է բաց։

«Վերջին շրջանում որպես փաստաբան մի դեպք եմ վարում, երբ տասնվեց տարին լրացած կնոջ նկատմամբ մի տղամարդ սեռական հետապնդում է իրականացրել, այսինքն՝ երբ տեսել է, մոտեցել է, առաջարկություններ է արել, բացի այդ դիպել է նրան՝ նրա ինտիմ օրգաններին, սակայն, քանի որ օրենսդրությունը դրա համար պատասխանատվություն չի ենթադրում, քրեական հետապնդման մարմինը չհասկացավ, թե որ հոդվածով պետք է որակի այդ հանցագործությունը, և գործը փակվեց»,- ասում է փաստաբանը։

Աշխատանքային օրենսգիրք

Գործող Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածում խոսվում է աշխատողների նկատմամբ բռնության արգելքի մասին, սակայն սեռական ոտնձգությանն ուղղակիորեն անդրադարձող դրույթ չկա։

Աշխատանքային օրենսդրության սկզբունքները

1. Աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն են`

1) աշխատանքի ազատությունը, ներառյալ` աշխատանքի իրավունքը (որը յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է կամ որին ազատորեն համաձայնում է), աշխատանքային ունակությունները տնօրինելու, մասնագիտության և գործունեության տեսակի ընտրության իրավունքը.

2) ցանկացած ձևի (բնույթի) պարտադիր կամ հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը.

Սեռական ոտնձգությունը աշխատանքային պայմանների դադարեցման հիմք չէ։ Աշխատավայրում սեռական հետապնդումը չարգելելու և կատարելու համար գործատուի նկատմամբ որևէ պատասխանատվություն չի սահմանվում։

Հետաքրքիր տվյալներ է վերհանել Կանանց ռեսուրսային կենտրոնի վերջին հետազոտությունը։ Համաձայն դրա՝ հարցվածների 42,7 տոկոսը աշխատավայրում առնչվել է սեռական ոտնձգության որևէ տեսակի։ Ոտնձգության դեպքերի մեծ մասը՝ 32,2 տոկոսը, տեղի է ունեցել սպասարկման ոլորտում։ Ավելի պարզեցված թվերով՝ սեռական ոտնձգության ենթարկված ամեն երրորդ մարդ սպասարկման ոլորտից է։ Համեմատաբար շատ դեպքեր են հայտնաբերվել հանրային կառավարման համակարգում, կրթության և ՏՏ ոլորտներում, ՀԿ սեկտորում։ 98,5 տոկոսը ոտնձգության մասին որևէ մարմնի չի հաղորդել։

«Կանանցից մեկը պատմում է, որ արտադրամասում տղամարդ ստուգողները գալիս էին, որպեսզի ստուգեին՝ գրպաններում իրենց հետ ինչ-որ բան տանում էին, թե չէ, ու ասում է՝ երբ մտնում էին կանանց գրպանները, շատ խորն էին մտնում ու բավականին երկար ձեռքները պահում էին ու շոշափում կանանց մարմինները ոչ հարիր ձևով։ Ասում է, որ չնայած նրան, որ շատերը հասկանում էին, որ սա խնդիր է և նվաստացած էին զգում, ոչ ոք սրա մասին չէր բարձրաձայնում, որովհետև մարդիկ օրվա հացի խնդիր ունեին, և ղեկավարությունն էլ այս ամենը տեսնում էր, բայց աչք էր փակում»,- Կանանց ռեսուրսային կենտրոնից պատմում է Սոնա Բալդրյանը։

Մշակույթ

Լուրջ խնդիր է շարունակում մնալ սեռական բռնության դեպքերի հանրայնացումը։

«Փորձը ցույց է տալիս, որ երբ սեռական բռնության գործով մտնում ես քննչական կամ ոստիկանական բաժին, տվյալ բաժնի շատ աշխատակիցներ նայում են, ցույց են տալիս զոհին, իրար հետ թաքուն խոսակցություններ են ունենում, ինչը ակնհայտ է դարձնում, որ տեղեկատվությունը տարածվել է»,- ասում ա Լուիզա Վարդանյանը։ Պատկերը նույնն է անչափահասների պարագայում։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Աղաբեկյանը նշում է, որ անչափահասների պարագայում հանրայնացնողը գրեթե միշտ դպրոցն ու բուժհաստատություններն են։ Կա նաև պաշտպանիչ մեխանիզմների կարիք։ «Երբեմն ունենում ենք դեպքեր, որ սեռական բռնության ենթարկված անձը ունի ապաստարանի կարիք, հատկապես՝ նորից երեխաների պարագայում, երբ համոզված չենք, բայց հիմքեր ունենք ենթադրելու, որ ծնողը մասնակից ա կամ իմացել ա, բան չի արել, հիմա հակված ա երեխայի լռեցնելու»,- ասում է Աղաբեկյանը։

Ընդհանուր առմամբ՝ սեռական ոտնձգությունների հարցը Հայաստանում շատ առումներով մնում է չկարգավորված։ Մինչ ներպետական օրենսդրությունը մոտարկվում է միջազգային պայմանագրերով ստնաձնված պարտականություններին, ոտնձգության ենթարկված անձանց շուրջ խարանը շարունակում է մնալ դեպքերի մասին չբարձրաձայնելու գլխավոր պատճառը։

Համաձայն «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի տվյալների՝ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրվել է սեռական բռնության 188 դեպք, որից 83-ը անչափահասի նկատմամբ։ Նախորդ տարի արձանագրված դեպքերի թիվը 30- էր։

Հասմիկ Հովհաննիսյան

Մեկնաբանել