Ադրբեջանցիները շուրջ 14 ժամ արգելափակել են հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ

Ադրբեջանի ուժային մարմինները ապրիլի 28-ից շուրջ 14 ժամ Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ նրանց կանգնեցնելով ճանապարհին:

Ապրիլի 29-ին խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է, և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ: Բեռնատարների մեջ եղել են հիմնականում սննդամթերք և կենցաղային պարագաներ, որոնք սահմանված կարգով բեռնվել են Գորիսում:

«Փաստորեն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ երեկ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին արդեն բացեիբաց փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները: Սա վկայում է այն մասին, որ չնայած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և այլ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն ու միջազգային հանրության բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանը օր-օրի խորացնում է Արցախի ժողովրդի շրջափակումը և սրում անվտանգային ու հումանիտար իրավիճակը»,- նշվում է տարածված հայտարարության մեջ։

Մեկնաբանել