Քննարկում ենք պարտքի վերակառուցման կամ ներգրավման տարբերակները

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասում է, որ կառավարությունը բոլոր դոնորների հետ քննարկում է հնարավոր տարբերակները` թե՛ պարտքի վերակառուցման, թե՛ ներգրավման։ Այս և այլ թեմաների շուրջ նախարարի հետ զրուցել Սիվիլնեթի թղթակիցը՝ կառավարության մամուլի սրահում երեկ կայացած ասուլիսից հետո:

-Պարոն Գաբրիելյան, կառավարության առջև խնդիր է դրված այս տարի ապահովել 7% տնտեսական աճ։ Եթե մենք ունենանք 7%-ին մոտ տնտեսական աճ, բացի ծրագրված 101 մլրդ լրացուցիչ հարկային եկամուտներից, եկամուտները որքանո՞վ կավելանան ։

-Եթե տեսնեք, թե որքան է նախատեսված անվանական ՀՆԱ-ն, ապա հարկային եկամուտները կլինեն այնքան, որքան նախատեսված է պետբյուջեով: Մեզ մոտ տեղի է ունեցել ՀՆԱ-ի վերագնահատում. Ազգային վիճակագրական ծառայությունը վերագնահատել է 2011թ. ՀՆԱ-ն՝ այն նվազեցնելով շուրջ 100 մլրդ դրամով: Աճի ներկայիս տեմպերի պայմաններում անվանական ՀՆԱ-ն կլինի նույն մակարդակին, ինչ դրվել է բյուջեի հիմքում:

-Իսկ եթե ՀՆԱ-ի աճը լինի պետբյուջեի հիմքում դրված 4,2%-ի չափով, այդ 101 մլրդ-ը չի՞ հավաքագրվի, եթե հաշվի առնենք, որ այդ աճի հաշվին պետք է հավաքագրվեր մոտ 70 մլրդ դրամ:

-Հարկային եկամուտները պլանով կկատարվեն։ Դա կարող ենք ասել տարվա վերջին՝ ելնելով տնտեսական աճից։ Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա եթե Եվրոպայում ցնցումներ չլինեն, Հայաստանի տնտեսական աճը կլինի 4,2%-ից ավելի։

-Կառավարությունը կարծես չի նախատեսում բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը, որով կարող որոշ չափով նպաստել աշխատավարձերը ստվերից դուրս բերելուն։

-Եթե ծանոթանաք կառավարության ծրագրին, ապա այնտեղ նշվում է, որ կառավարությունը ծրագրում է վերանայել նվազագույն աշխատավարձերի չափը։ 2012-2013 թթ. մենք փոքր փոփոխություն նախատեսում ենք, հիմա թվեր չնշեմ, բյուջեի նախագծում դա կտեսնեք։ Մենք նվազագույն աշխատավարձի չափի բարձրացում կամաց-կամաց իրականացնելու ենք։

-Կառավարության ընդդիմախոսները նշում են, որ ներկայիս 32,5 հազ. դրամ նվազագույն աշխատավարձի չափը հնարավոր է միանգամից կրկնակի բարձրացնել։ Ինչո՞ւ կառավարությունը չի գնում այդ քայլին։

-Կրկնակի բարձրացումը որոշակի խնդիրներ է առաջացնելու, մասնավորապես՝ եկամուտների և ծախսերի ավելացում: Կրկնակի բարձրացումը միայն այն չէ, որ մենք այս մարդուն փող ենք տալիս, թե ոչ: Եթե քիչ աշխատավարձ ստացողի աշխատավարձը բարձրացնում ենք, իսկ մյուսներինը թողնում անփոփոխ, խնդիրներ են առաջանում։ Հնարավոր է նաև այդ տարբերակների քննարկումը, բայց դա մի քիչ ծանր խնդիր է։

-Իսկ Ռուսաստանից ներգրավվելիք նոր վարկային միջոցներից ի՞նչ նորություն կա։

-Մենք մշտապես բոլոր դոնորների հետ՝ Արժույթի միջզգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի, Ռուսաստանի հետ, որը էական դոնոր է, մեզ տվել է $500 մլն վարկ, քննարկում ենք ծրագրեր։ Բոլոր դոնորների հետ քննարկում ենք հնարավոր տարբերակները` թե՛ պարտքի վերակառուցման, թե՛ ներգրավման։

-Fitch միջազգային վարկանշային գործակալությունը Հայաստանի վերաբերյալ օգոստոսի 23-ի հաղորդագրությունում նշեց, թե ակնկալում է, որ կառավարությունը կվերաֆինանսավորի ԱՄՀ-ի իր ուղղակի պարտավորությունները միջազգային այլ ֆինանսական կառույցների հաշվին։ Կառավարությունը կգնա՞ այդ քայլին։

-Եթե լավ պայմաններով լինի, բնականաբար կգնանք, իսկ եթե վատ պայմաններով, երբեք չենք գնա։ Ներկայում մենք վարկային միջոցների մարումների հետ խնդիրներ չունենք։ Եթե մենք վերաֆինանսավորենք նախկին պարտքը, դա կնշանակի, որ լրացուցիչ միջոցներ կունենանք ծախսելու։ ԱՄՀ-ի հետ մենք ունենք երկու ծրագիր, որոնք ավարտվում են գալիք տարի, և չի բացառվում, որ 2013թ. նոր ծրագիր սկսենք: Դա ներկայում քննարկվում է։ Չգիտես ինչու՝ բոլորը կենտրոնացել են Ռուսաստանի վրա, բայց որ ԱՄՀ-ի հետ բանակցում ենք նոր ծրագիր սկսելու շուրջ, դա չի քննարկվում որպես սարսափելի բան։ Ի՞նչ տարբերություն։

-Հայաստանում հուլիսին արձանագրվել է 12-ամսյա 2,2% գնաճ, ինչը թիրախային ցուցանիշի (4±1,5%) նվազագույն շեմից ցածր է։ Գնաճի ցածր մակարդակը տնտեսության վրա բասացական ասդեցություն չ՞ի թողել։

-Մեր գնահատականներով՝ մինչև տարեվերջ գնաճը կբարձրանա և կլինի 4±1,5% թիրախային ցուցանիշի շրջանակում։ Այդ տեսակետից մենք վտանգ չենք տեսնում։ Որ մինչև այժմ գնաճը եղել է ցածր մակարդակի, ես դրանում խնդիրներ չեմ տեսնում, քանի որ հարկային եկամուտների հավաքագրումը կատարվում է: Ինչ վերաբերում է տնտեսական աճի խթանմանը, ապա բարձր, թե ցածր՝ գնաճը խթանում է տնտեսական աճը, եթե ունի կանխատեսելիություն։ Այսինքն՝ ամբողջ հարցը սպասումներն են, և ինչպես ենք մենք այն կառավարում։ Եթե մենք բյուջեի հիմքում դրել ենք 4±1,5% գնաճ և այդ ցուցանիշի շրջանակում ենք, դա խթանում է, քանի որ ստեղծում է վստահություն և կայուն միջավայր։

-Տնտեսությունը շարունակում է դոլարիզացվել։ Միջնաժամկետ կտրվածքով տնտեսության համար ռիսկեր տեսնո՞ւմ եք։

-Եթե ֆինանսական հատվածում պարտավորությունները և ակտիվները համաչափ են դոլարացվում, ապա ֆինանսական հատվածում ռիսկ չկա։ Տնտեսության վրա բնականաբար դոլարիզացումը բացասական է ազդում, և այդ տեսակետից բազմաթիվ տարիներ մենք ֆիքսել ենք, որ դա մեր խնդրահարույց թեմաներից մեկն է, ինչպես հարկերի հավաքագրման մակարդակն է, որը տարեցտարի բարձրացնում ենք։ Կա դոլարիզացիայի նվազեցման միջացառումների ծրագիր, և դրա մասին մանրամասներ կարող է ներկայացնել Կենտրոնական բանկը։

Մեկնաբանել