Երևանում անշարժ գույքը թանկացել է, առքուվաճառքի գործարքները՝ նվազել

Հայաստանում անշարժ գույքի հետ կապված գործարքներն աճել են ու այս տարվա առաջին եռամսյակում կազմել 49 395 գործարք, տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած եռամսյակային հաշվետվությունից։ Ուշագրավ է, որ ըստ այդ տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Երևանում գործարքների թիվը նվազել է 6,4 տոկոսով, բայց էականորեն աճել Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։

Երևանում առքուվաճառքի գործարքները նվազել են 26,1 տոկոսով՝ հատկապես Դավթաշեն, Ավան, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։

Մայրաքաղաքում նվազել են ինչպես բնակարանների հետ կապված առքուվաճառքի դեպքերը, այնպես էլ առանձնատների, արտադրական նշանակության շինությունների, հողերի, ավտոտնակների առքուվաճառքի գործարքները։ Այս ամենով հանդերձ՝ Երևանը շարունակում է մնալ բնակարանների առքուվաճառքի հիմնական ուղղությունը (բնակարանների առքուվաճառքի գործարքների 60,6 տոկոսը եղել է Երևանում): Բնակարանների 1 քառակուսի մետրի միջին գինը շարունակում է Երևանում աճել ու նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այն ունի հետևյալ տեսքը

Կենտրոնում 1 քմ միջին արժեքը 796 200 դրամ, աճը՝ 14,3 տոկոս

Արաբկիրում 1 քմ միջին արժեքը 556 200 դրամ, աճը՝ 12,8 տոկոս

Քանաքեռ-Զեյթունում 1 քմ միջին արժեքը՝ 392 700 դրամ, աճը՝ 8 տոկոս

Նոր-Նորքում 1 քմ միջին արժեքը՝ 336 000 դրամ, աճը՝ 7,8 տոկոս

Էրեբունիում 1 քմ միջին արժեքը՝ 348 500 դրամ, աճը՝ 10,1 տոկոս

Շենգավիթում 1 քմ միջին արժեքը՝ 350 200 դրամ, աճը՝ 7,9 տոկոս

Դավթաշենում 1 քմ միջին արժեքը՝ 406 100 դրամ, աճը՝ 13 տոկոս

Աջափնյակում 1 քմ միջին արժեքը՝ 364 500 դրամ, աճը՝ 8,9 տոկոս

Մալաթիա-Սեբաստիայում 1 քմ միջին արժեքը՝ 352 000 դրամ, աճը՝ 11 տոկոս

Ավանում 1 քմ միջին արժեքը՝ 348 600 դրամ, աճը՝ 1,7 տոկոս

Նուբարաշենում 1 քմ միջին արժեքը՝ 206 000 դրամ, աճը՝ 0,8 տոկոս

Ընդհանուր առմամբ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ բնակարանների գները աճել են 10,6 տոկոսով։ Մարզերում բնակարանների 1 քառակուսի մետրի գինը ևս աճի միտում ունի։ Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ էական աճ է գրանցվել բնակարանների 1 քմ-ի համար Էջմիածնում, Մեծամորում, Գավառում, Չարենցավանում, Կապանում։ Մարզային քաղաքներում բնակարանների 1 քմ-ի գինը այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համեմատ աճել է 14,7 տոկոսով։

Հողերի գործարքներ

Հայաստանում 2023-ի առաջին եռամսյակում գրանցվել է հողերի առքուվաճառքի 5 040 գործարք։ Սա շուրջ 1 տոկոսով պակաս է 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ամենաշատը հողերի առքուվաճառք եղել է Կոտայքում, Արմավիրում, Արարատում, Արագածոտնում (Արագածոտնում հողերի առքուվաճառքն աճել է մոտ 56 տոկոսով): Մոտ 2,5 անգամ հողերի առքուվաճառք շատ է եղել Սյունիքում։ Երևանում մոտ 30 տոկոսով հողի առքուվաճառքը նվազել է։

Ըստ Կադաստրի կոմիտեի շուկայի վերլուծության տվյալների՝ Երևանում 162 միավոր բնակելի կառուցապատման հողի առքուվաճառքի գործարք է կայացել, 53 միավոր՝ հասարակական կառուցապատման հողի, 42 միավոր՝ հասարակական նշանակության հողի։ Երևանում հողերի առավել մեծ տոկոսաչափ վաճառվել է Մալաթիա-Սեբաստիայում ու Էրեբունիում։

Մարզերում գրանցվել է հողերի վաճառքի 4 779 գործարք, որը 3,3 տոկոսով ցածր է 2022-ի առաջին եռամսյակի ցուցանիշից։ Հողերի պայմանագրային գների 1 քմ-ի գինը հիմնականում աճել է՝ բացառությամբ Աշտարակի, Ապարանի, Գորիսի, Մեղրիի։ Հողերի արժեքը էականորեն բարձրացել է Դիլիջանում, Գյումրիում, Վարդենիսում։

Վարձակալության գործարքներ

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում վարձակալության գործարքների 55 տոկոսից ավելը կայացել է Երևանում։ Անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ Երևանում վարձակալության գործարքներն աճել են 21 տոկոսով։ Մոտ 81 տոկոսով վարձակալության գործարքներն աճել են Արագածոտնում, 3,6 անգամ՝ Գեղարքունիքում և Վայոց ձորում։ Հիմնականում այդ գործարքները վերաբերում են հասարակական նշանակության շինություններին, հողերին ու բնակարաններին։

Երևանում վարձակալության գործարքներն աճել են Արաբկիրում (25,1 տոկոս), Կենտրոնում (34,2 տոկոս), Ավանում (25 տոկոս), Քանաքեռ-Զեյթունում (45,2 տոկոս):

Մեկնաբանել