Եռակողմ փաստաթղթերին այլընտրանք չկա․ Պեսկովը՝ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում օգնությունը ողջունելի կարող է լինել, եթե դա հիմնված է ՌԴ-ի միջնորդությամբ կնքված եռակողմ պայմանավորվածությունների վրա։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանը։

«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ինչ-որ համատեղ գործողությունների և քայլերի հնարավոր մշակումն առաջին հերթին հնարավոր է եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ միասին։ Առայժմ որևէ այլ իրավական հիմք, որը կնպաստի կարգավորմանը, չկա։ Հետևաբար, եռակողմ փաստաթղթերին այլընտրանք չկա։ Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այդ հիմքի վրա կարգավորմանը, այն կարող է ողջունելի լինել։ Բայց մենք նաև գիտենք, որ կան տարբեր փորձեր, որոնք խարխլում են կարգավորման հիմքը, ինչը հեռանկարում կարող է արդյունք չտալ։ Հուսանք, որ տվյալ դեպքում խոսքը առաջին դեպքի մասին է»,- ասել է Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

***

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Մինչ եռակողմ հանդիպումը, ԱՄՆ պետքարտուղարը առանձին հանդիպումներ է ունեցել Միրզոյանի և Բայրամովի հետ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։

Մեկնաբանել