Ո՞ւմ օգտին կքվեարկեին քաղաքացիները, որո՞նք են կառավարության ձախողումները․․․ հարցում

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում: Տվյալները հավաքվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2023-ի հունվարի 23-ից մարտի 04-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման մեթոդով, հարցվողների տանը։ Հարցմանն ընդգրկվել է 18 տարին լրացած 1 513 ՀՀ քաղաքացի։

Հարցվածների մեծ մասը՝ 52%-ը, համարում է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում, և միայն 36%-ն է կարծում, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում։

Ի՞նչ տրամադրություն է գերակշռում հայ բնակչության մեծամասնության շրջանում հարցին ի պատասխան 35%-ը պատասխանել է՝ անապահովության զգացում, անհանգստություն, վախ ապագայի համար։ Միայն 18%-ն է հավատում, որ ապագան հաստատ ավելի լավը կլինի։

Հարցվածների մեծամասնությունը՝ 44%-ը, Հայաստանում այժմ առկա հիմնական խնդիր է համարում ազգային անվտանգությունը և սահմանային իրավիճակը։

Վերջին 6 ամիսների ընթացքում Կառավարության ամենամեծ ձախողումը, ըստ հարցման մասնակիցների 15%-ի՝ Լաչինի միջանցքի փակ լինելն է, հետո Ղարաբաղյան հարցի տապալումը և ՀՀ ազգային անվտանգության և սահմանային խնդիրները։ Նույն ժամանակահատվածում որպես կառավարության ամենամեծ ձեռքբերում նշվել է դիվանագիտական կապերի զարգացումը՝ 6%, ճանապարհների բարեկարգումը՝ 4%։ 43%-ի կարծիքով վերջին 6 ամիսներին կառավարությունը որևէ ձեռքբերում չի ունեցել։

ՀՀ քաղաքացիները քաղաքական կամ հասարակական գործիչներից ամենից շատ շարունակում են վստահել Նիկոլ Փաշինյանին՝ 13%, երկրորդը Արարատ Միրզոյանն է, երրորդը Ռոբերտ Քոչարյանը՝ 2%-ով։ Հարցման մասնակիցների 64%-ը նշել է, որ որևէ քաղաքական գործչի չի վստահում։

Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, հարցվածների 21%-ն իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4%-ը՝ «Հայաստան» դաշինքին, 3%-ը՝ «Բարգավաճ Հայաստանին», 2%-ը՝ Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն» կուսակցությանը։

Մեկնաբանել