Բերդաձորի ենթաշրջանում առայժմ խնդիրը սուր չէ, բայց սննդի մատակարարման հարցը չի լուծվել

Ինչո՞ւ չի լուծվում Բերդաձորի ենթաշրջանի համայնքների և Լիսագոր համայնքի սննդի և դեղորայքի մատակարարման հարցը, չէ՞ որ Հայաստանից Արցախ մատակարարվող հումանիտար բեռները նախքան Ստեփանակերտ մտնելը անմիջապես անցնում են Հին Շենի, Մեծ Շենի և Լիսագորի միջով:

Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է՝ մեկ շաբաթ է, ինչ հարցը ներկայացվել է կառավարությանը։

«Նրանք էլ ասում են՝ այսօր-վաղը, բայց մինչև հիմա հարցը չի լուծվում: Խնդիրը պետնախարարին եմ ներկայացրել, տարածքային կառավարման նախարարին: Ջրի խնդիր կա նաև, ադրբեջանցիները ջուրը նորից կտրել են [Բերդաձորի ենթաշրջանի]: Խնդիրները շատ են, լուծումները՝ քիչ»,- ասում է Հովհաննիսյանը։

Բերդաձորի ենթաշրջանի Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն էլ ՍիվիլՆեթին հայտնեց, որ սննդի լուրջ խնդիր այս պահին չկա էլ և սպասում են, որ հարցը վաղը կամ մյուս օրը կլուծվի:

Մեծ Շեն համայնքի ուսուցիչ Սամվել Թավադյանը, պատասխանելով ՍիվիլՆեթի հարցերին, ասաց, որ սննդի պաշարները գրեթե սպառվում են․ ալյուրի, ձեթի և առաջին անհրաժեշտության այլ սնդդամթերքի կարիք կա:

Խնդրին մայիսի 1-ին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը. «Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ և դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդյունք չեն տվել»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Անվտանգության խորհրդի նիստին համապատասխան կառույցների ղեկավարներին որոշ հանձնարարականներ է տվել, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահների հետ համագործակցությամբ հնարավորինս ապահովելու Շուշիի շրջանի՝ կրկնակի շրջափակման մեջ հայտնված չորս գյուղերի անվտանգությունն ու կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումը:

****

Շուշիի շրջանի Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն համայնքները 2022-ի դեկտեմբերի 12-ից կտրվել էին ամբողջ Արցախից, սակայն ցամաքային կապ ունեին Հայաստանի հետ: Ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին, ապօրինի անցակետ տեղադրելուց հետո, այս չորս համայնքները հայտնվեցին կատարյալ շրջափակման մեջ՝ կտրվելով ոչ միայն Երևանից, այլև Ստեփանակերտից: Մեծ Շենի դպրոցի պատմության ուսուցիչ Սամվել Թավադյանը ՍիվիլՆեթին պատմեց գյուղում ստեղծված իրավիճակի մասին։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել