Մայիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։
Կառավարությունն առաջարկում է աշխատողի հետ պայամանագրի լուծման, արձակուրդայինների, կենսաթոշակային տարիքի և այլ դրույթների վերաբերյալ փոփոխություններ։Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածներից փոխվում է 122-ը։ Նախագիծն առաջարկում է.
- Հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը,
- Հաստիքների կրճատման դեպքում սահմանել աշխատանքում մնալու նախապատվության իրավունքը՝ կոնկրետ խմբերում ընդգրկված անձանց համար,
- Սահմանել՝ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից, գործատուն կարող է առանց աշխատողի դիմումի տրամադրել արձակուրդ,
- Վերանայել աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը,
- Հստակեցնել մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին առնչվող կարգավորումները,
- Վերանայել երեխային կրծքով կերակրող կանանց առնչվող կարգավորումները։