Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Համացանցում «հերքող» տեղեկություն է տարածվում, թե Հայաստանը կողմ չի քվեարկել ապրիլի 26-ին ՄԱԿ-ում ընդունված բանաձևին, որտեղ նշվում է Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի մասին։
Տեղեկությունը տարածել են 24news.am, zham.am, newday.am, hayeli.am լրատվական կայքերը, Инфотека 24 և մի շարք այլ տելեգրամյան ալիքներ։ Տեղեկության սկզբնաղբյուրը Sputnik.Արմենիան է, որը հղում էր արել ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկիի գրառմանը:
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզել է, որ տարածվող այս տեղեկությունը մոլորեցնող է։
Հայաստանը, այնուամենայնիվ, կողմ է քվեարկել բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ապրիլի 26-ին ընդունված «ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության» բանաձևը գլխավորապես վերաբերում է այս երկու կառույցների համագործակցության ամրապնդմանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման, թրաֆիկինգի դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում։
Բանաձևի նախաբանի (պրեամբուլայի) 9-րդ պարբերությունում նշվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի, իսկ նախկինում նաև Վրաստանի նկատմամբ ագրեսիայի մասին։
«Ընդունելով նաև այն, թե ինչ աննախադեպ մարտահրավերների է բախվում Եվրոպան Ուկրաինայի, իսկ մինչ այդ՝ Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի պատճառով, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին ՌԴ անդամակցության դադարեցումը, կոչ ենք անում ամրացնել ՄԱԿ-ի ու Եվրոպայի խորհրդի համագործակցությունը՝ խաղաղության և անվտանգության արագ վերականգնման և պահպանման համար` հիմնված յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքի վրա, ապահովել ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը, փոխհատուցում տրամադրել տուժածներին և պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղավորներին»,- նշվում է պարբերությունում։
Հարկ է նշել, որ բանաձևը չի «դատապարտում» Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ, այլ պարզապես «ընդունում» է, որ այն ստեղծել է «աննախադեպ մարտահրավերներ», և հանգամանքներից մեկն է բանաձևի ընդունման համար։
Այս բանաձևին կողմ է քվեարկել 122 երկիր, այդ թվում Հայաստանը և Ղազախստանը։ Ձեռնպահ է մնացել 18 երկիր, քվեարկությանը չի մասնակցել 47 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը։ Բանաձևին դեմ է եղել միայն 5 երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։
Ամբողջական բանաձևի ընդունման քվեարկությանը նախորդել է մեկ այլ քննարկում-քվեարկություն, որտեղ անդրադարձ է եղել հարցին, թե արդյոք բանաձևում պետք է ներառել ՌԴ ագրեսիայի վերաբերյալ 9-րդ պարբերությունը:
Ձայների 81 կողմ և 10 դեմ հարաբերակցությամբ պարբերությունը որոշվել է թողնել բանաձևում։ Հայաստանը, Ղազախստանը և 46 այլ երկիր ձեռնպահ է քվեարկել։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, մեկնաբանել է, որ Հայաստանը չի աջակցել բանաձևի նշված պարբերությանը, սակայն կողմ է քվեարկել բուն բանաձևին:
Միջազգային իրավունքի մասնագետ, Գերմանիայի Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը #CivilNetCheck-ին պարզաբանեց, որ ամբողջական բանաձևին Հայաստանի կողմ քվեարկելը վերաբերում է նաև բանաձևում ներառված ՌԴ-ի ագրեսիայի վերաբերյալ պարբերությանը՝ անկախ նրանից, որ Հայաստանը մինչ այդ առաձին քվեարկությամբ ձեռնպահ է քվեարկել այդ պարբերության ներառմանը։
«Ընդհանուր բանաձևին կողմ քվեարկելը, որում ներառված է արգեսիայի վերաբերյալ պարբերությանը, նշանակում է Հայաստանը կողմ է այդ ձևակերպմանը»,- հայտնեց Պետրոսյանը։
Այսպիսով, Հայաստանը թեև ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևում Ռուսաստանի ագրեսիային վերաբերող պարբերությունը ներառելուն, սակայն կողմ է քվեարկել ամբողջական բանաձևին, որում կա խնդրահարույց պարբերությունը։