Այն ապրումները և խոսակցությունները, որոնք ակտիվանում են ապրիլի 24-ին, մեր ուղեկիցն են նաև այլ օրերի, և վերջին շրջանում դրանց համար կան նաև թարմ հիշեցումներ, կարելի է ասել անգամ՝ մշտական թարմացումներ։ Բաներ, որոնք հեշտությամբ ցանվում են նույն վերքին՝ թե՛ ներսից՝ տարերայնորեն և թե՛, բնականաբար, թշնամու կողմից՝ շատ ավելի մեթոդականորեն։ Այդ վերքը այնքան հասանելի է տարբեր «օգտագործումների» համար, բայց զարմանալիորեն չի նկատվում, երբ անդրադառնում ենք հանրային տարբեր խնդիրների, երբ հասնում ենք ինքներս մեզ իբր-հասկանալուն, մեզ հուզող տարբեր խնդիրները քննարկելուն։ Քննարկում, որն ավելի շատ նման է դրսի հայացքից ամաչող, շփոթված մեկի խոսքին, որը հնարավորության դեպքում ինքն իրեն շահեկանորեն տարանջատելու է այն հավաքականությունից, այն ազգից, որին քննադատելու է։ (Քննա)դատվող խնդիրների շրջանակն էլ, ոնց պտտվում ես, «զարգացման հապաղումների» շուրջ է՝ անկրթություն, հետամնացություն, բռնիություն, անինքնուրույնություն, քաղաքական անհասություն և ինքնախարազանող մտրակի այլ հարվածներ։
Կհամաձայնե՞ք, որ հավասար եք ընդամենը ձեր թերություններին։
Սրանցից շատերը լուրջ, արմատացած խնդիրներ են իսկապես, բայց դրանք սովորաբար չեն հնչեցվում որպես ձևավորման պատմություն ունեցող, գոնե մասամբ՝ վերքերի հետ կապ ունեցող, հասկանալի և հնարավորինս լուծելի խնդիրներ, այլ հնչեցվում են այնպես, կարծես անմիտ ընտրության արդյունք են, որ կամ չեն փոխվի, կամ կփոխվեն միայն ճիշտ «դաստիարակությամբ»։ Եվ որ պակաս կարևոր չէ, հանրայինի նկարագիրը հանգեցվում է այդ խնդիրներին։ Իսկ հիմա պատկերացրեք, որ ինչ-որ մեկը պիտի նկարագրի ձեզ ու թվարկում է միայն ձեր թերությունները։ Մի կողմ դնենք, որ դուք կվիրավորվեք․ դուք կհամաձայնե՞ք, որ հավասար եք ընդամենը ձեր թերություններին։ Առանձին անդրադարձի թեմա է, թե ինչու եմ առնվազն նույնչափ խնդիր համարում այն, որ հասարակագետները, կարծիք ձևավորողները խնդիրների մասին խոսում են մեղադրող կամ միսիոներական տոնով։ Հիմա վերադառնամ նրան, թե մտքումս որն է այս ամենի կապը մեր վերքերի հետ։
Բազմաթիվ ու ամենևին ոչ միշտ գիտակցված կամ հետազոտելի են ձևերը, որոնցով ցեղասպանության իրադարձությունը, իսկ հետո նաև՝ պատերազմներով անցնելը, և այդ ամենի միջև ստեղծվող իմաստային կապերը շարունակում են ազդել և՛ անհատական, և՛ հանրային կյանքի վրա՝ ինքնագնահատականից մինչև միջազգային հարաբերություններ։ Այն, թե ինչպես ու ինչքանով ենք մենք վերապրել ու հաղթահարել մեկը, և ինչպես ենք պատմել մեկի մասին, ազդում է մյուսի «վերամշակման» վրա։ Հետևաբար առանձնապես կարևոր էլ չէ՝ արդյոք այս հարցերին կանդրադառնանք հենց հիշատակի օրը, թե, օրինակ, դրանից մեկ շաբաթ կամ ամիս անց։
Այն, ինչ կատարվել է մեզ հետ, ոչ միայն ցեղասպանությունն է, այլև դրա չճանաչումը կամ գրեթե-չճանաչումը։
Այն, թե հատկապես Ցեղասպանության հիշատակի օրը ինչի մասին ենք խոսում, ինչի մասին՝ ոչ, ինչի հանդեպ ենք ավելի զգայուն դառնում, ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք մոտենում մեր այդ վերքին և խնդիրներին առհասարակ։ Այսպես, այդ օրերին շարունակում է գերիշխող մնալ մեր խիստ զգայունությունը դրսի հայացքի հանդեպ՝ «ճանաչման սպասումը», օրինակ, որևէ կարևոր երկրի, դրա կարևոր պաշտոնյայի կամ հայտնի մարդու դատապարտող հայտարարությունից ապրվող կասկածելի ոգևորությունը։ Փոխարենը, որպես ներքին իրադարձություն, այն մնում է շատ ավելի հպանցիկ, կողքանց, ծիսական։ Սա հասկանալի է։
Այն, ինչ կատարվել է մեզ հետ, ոչ միայն ցեղասպանությունն է (և հետագա վնասվածքները), այլև դրա չճանաչումը կամ գրեթե-չճանաչումը կամ թե կուզեք՝ դարից ավել ձգվող դանդաղ ճանաչումը։ Եվ այն, ինչ շարունակում է մեզ հետ կատարվել, նույնպես, միայն կոտորված լինելը չէ, այլև դա ճանաչել տալու կարիքի զգացումը։ Այդ երկուսը՝ իրար հետ։ Եվ դրանով է որակապես տարբերվում, օրինակ, նրանից, թե ինչ է պատահել հրեաներին ու նրանից, թե ինչ են նրանք արել դրա հետ։ Հաճախակի զուգահեռներ տանելով և նկատելով տարբերությունները նրանց ու մեր վերապրման ձևերում, մենք կարծես լավ չենք նկատում, որ հոգեբանական իրադարձության մակարդակում մեզ հետ կատարվածում ոչ միայն սպանությունն է, այլև դրա վկային փնտրելը և հանցագործից չկորզված խոստովանությունը։
Մենք մնացել ենք ցեղասպանված լինելու, իսկ այժմ էլ՝ վերստին վտանգված լինելու արտաքին ճանաչմանը կարոտ ռեժիմի մեջ։ Սա իսկապես տանջալի է․ ունենալ, ասենք, կտրած ոտք ու տառապել մերթ դրանից, մերթ էլ՝ դռնեդուռ գնալուց՝ ոտք չունենալու մասին ստորագրություններ հավաքելու։ Մենք մեր գոյությունը, ներկայությունը «աշխարհին» (որն իրականում «Արևմուտքն» է) ապացուցում ենք սպանվելու, ոչնչացվելու մասին խոսելով, ու այսպես մեր մտքում մեր լինելն ու չլինելը պարադոքսալ և ցավալիորեն փոխհյուսվում են մի կետում։ Մենք սպանվելիս էլ շրջվում ենք, որ ցույց տանք, որ սպանվում ենք, որովհետև այդպես ենք սովորել կամ ինքներս մեզ սովորեցրել։ Ու շարունակում ենք ապրել մի տեսակ մեր մեռնելու մասին փաստահավաքության համար։ Նոր տրավմաներն էլ ավելի են սահմանափակում սեփական դիսֆունկցիոնալ գործելակերպերը նկատելու ունակությունները, այլ ելքերի, ինչու ոչ՝ աջակցության այլ ձևերի ընկալվող հնարավորությունները։
Ու այդպես աննկատ՝ մենք ինքնապաշտպանությունը շփոթում ու փոխանակում ենք խղճահարություն կորզելու հետ։ Սա վտանգավոր փոխատեղում է, որովհետև «ժամանակագրական տարբերություն» կա այս երկուսի միջև․ պաշտպանությունը կանխելու մասին է, խղճահարությունը՝ հետևանքի։ Սա շարունակվում է նաև հիմա, շարունակվում է ոչ միայն միջազգային կազմակերպություններին հասցեագրված հանրային ստորագրահավաքներով, այլև դիվանագիտական հռետորաբանության մեջ, որտեղ երկրի ղեկավարի խոսքը կառուցված է սպասվող ցեղասպանության կամ էթնիկ զտման վրա, ու այդտեղ էլ հաճախ վերջանում է։ Մեր գոյությունը զգացնել տալու և սպանվելու ապացուցումներն այնքան փոխհյուսված են, որ անգամ միջպետական խոսակցության մակարդակում նորմալացված է ասելը, որ շուտով մեզ կկոտորեն։
Այս ապացուցողական վարքը արտահայտվում է նաև ավելի «մանր» հարցերում, երբ ադրբեջանական հերթական ներխուժումից հետո բավականին ծավալ են կազմում դրսին ուղղված այն քաղաքական, իրավական և մեդիա տեքստերը, որոնցում մարդիկ առաջին հերթին ջանասիրաբար ցույց են տալիս, որ դա մե՛ր ինքնիշխան տարածքն է (հենց ապացուցելու կարիքի տրամաբանությամբ անելով հակառակի հնարավորության վտանգավոր հուշումը), այսինքն՝ նորից գոյության, այս դեպքում՝ սեփական տարածքի գոյության ապացուցման շուրջ են։ Այս նույն գծի մեջ է նաև այն, որ թշնամի երկրի դրոշ վառելու դրվագը, որի քննարկումը շատ արագ նմանվեց համազգային զանցանքին համազգային արձագանքի և որը տարբեր կարծիքներով հանդերձ գերազանցապես մնաց նրա մասին, թե «ինչ կմտածի Արևմուտքը»։
Ահա վտանգը․ երբ մենք լավ լինելը շփոթում ենք լավը լինելու հետ։
Եվ իսկապես, ինքնության, լինելիության համար կենսական է Ուրիշը՝ նա, ով քո վկան է, նա, ում հետ հարաբերության, հայելայնության մեջ միայն կարող ես զգալ ու ձևավորել առանձնակիությունդ, ինքդ քեզ։ Սա տարբեր փիլիսոփայական, հոգեբանական մոտեցումներում տարբեր բարդ անվանումներ ստացող, բայց շատ հիմնարար ու հասկանալի բան է։ Հետևաբար հասկանալի է նաև, որ այդ «նշանակալի ուրիշի»՝ տվյալ դեպքում Արևմուտքի կողմից վկայվելը պիտի հատուկ նշանակություն ստանար ցեղասպանության և դրան նմանեցվող վերահաս վտանգի շուրջ մեր ազգային ապրումներում, իսկ այդպիսի վկայման դանդաղությունը պիտի լուրջ խնդիրներ առաջացներ ինքնության և սուբյեկտության հարցերում, ինչպես նաև մեր դիմակայության ձևերն ընտրելու հարցում։
Մեր լինելը և ինչպիսին լինելը չափազանց կախված են ուրիշի վկայությունից, համաձայնող հայացքից։ Խղճահարության սպասում, հավանության, թե գովասանքի՝ սնվում են նույն կետից։ Մենք նաև այլ հարցերում դեռ իներցիայով փնտրում ենք ոչ թե զրուցակից, ոչ թե գործընկեր, այլ՝ ականատես։ Իսկ դրականորեն նկատվելու համար պետք է լինել գոհացնողը, պարտաճանաչը, լավը․ դրան նպաստում են միջազգային կառույցների ընթացակարգերը և լեզուն՝ կառուցված «ընդունում՝ լավ վարքագծի դիմաց» սկզբունքով։ Ուստի արտաքին գնահատականի հանդեպ մեր զգայունությունը կրկնապատկվում է՝ իր հետ բերելով վհատություններ ամեն անգամ, երբ հանրության մեջ «ոչ բավարար մեծահոգի» կամ բռնի բան է տեղի ունենում։
Մտահոգության հիմնական առարկան ուրիշի տեսնելն է, ոչ թե՝ բուն կատարվածը, որն ընդամենը ցուցիչ է չլուծված լուրջ խնդիրների։ Ահա վտանգը․ երբ մենք լավ լինելը շփոթում ենք լավը լինելու հետ։
Չարժե պառկած մնալ, միայն որպեսզի նկատեն, որ քեզ գցել են գետնին։
Կա հաղթահարման, ապաքինման մի շերտ, որ հնարավոր է միայն ներքին աշխատանքով, որին ոչ մի դրվատանք կամ ճանաչում, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, չի օգնի։ Անգամ եթե վայրագ բռնության զոհ ես, վայրագությունների խնդրի մասին բարձրաձայնումները օգնելու են հիմնականում ուրիշին և արդեն ոչ՝ քեզ։ Քեզ օգնելու է բացառապես ներքին աշխատանքը (անշուշտ մասնագետի ուղեկցությամբ), հանուն ցավի հաղթահարման և հանուն դրա միջով՝ աճի։ Այդ ներքին աշխատանքը չի բացառում այս հարցի շուրջ խոսակցություն դրսի հետ, բայց և չի հանգեցվում դրան։ Մենք ոչ թե ուրիշին, այլ ինքներս մեզ պիտի ասենք, որ մեր վերքերը գոյություն ունեն, որ մենք գոյություն ունենք և ընդունենք դրա համար մեր պատասխանատվությունը՝ պարբերաբար նկատելով պատասխանատվության ու մեղավորության տարբերությունը։
Բայց ցանկացած դեպքում չարժե պառկած մնալ միայն նրա համար, որ նկատեն՝ քեզ գցել են գետնին։ Ու ոչ էլ ներքին տրտմությամբ կանգնել աշխարհի առաջ ու ծամածռվելով ժպտալ այնպես, ինչպես առաջին հայացքից ժպտում է մազերը շատ ձիգ պոչ կապած աղջնակը դպրոցական հանդեսին։