Վաշինգտոնում Միրզոյան-Սալիվան-Բայրամով հանդիպում է կայացել

Մայիսի 3-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր․ «Ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում»։

«Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրության և իրական սպառնալիքի մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման վերաբերյալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Թվիթերի իր էջում գրել է․ «Ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեցան բանակցություններում, և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրը առանցքային կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու տեսանկյունից»,- նշել է Սալիվանը։

Մեկնաբանել