Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին Պրահայում Չեխիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։

«Ընդգծել եմ (չեխ գործընկերոջ հետ հանդիպմանը – խմբ․) Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ առաքելություն տեղակայելու որոշմանը։ Ցավով պետք է նշեմ, որ ի հեճուկս բոլոր ջանքերի, իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ Դրա պատճառն այն է, որ չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ անընդհատ լարելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը և դրան նախորդած միջանցքի արգելափակումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման կոպիտ խախտում է։

«Կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ, որ մեր գնահատմամբ, Ադրբեջանի վերը նշված գործողությունները ԼՂ-ում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են։ Այս համատեքստում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում են անհրաժեշտ»,- նկատեց նա։

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ․ «Կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի։ Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում և առաջիկայում էլ ներգրավված կմնանք՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակցել զուտ բանակցելու համար։ Այս նպատակին հասնելու համար հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից, և ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը նույնպես Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա»։

Մեկնաբանել