Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) կայացած քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նույնական հաղորդագրություններ են տարածել՝ նշելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։
«Նախարարները և նրանց թիմերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ԱՄՆ պետդեպարտամենտը։ «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չկարգավորված հարցերի վերաբերյալ։ Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի է: Նրանք կշարունակեն ունենալ Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը տևական և կայուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում»,- ասել է պետքարտուղար Բլինքենը՝ ըստ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված տեքստի։
Բլինքենի ճեպազրույցի՝ Պետդեպարտամենտի հեռարձակած ուղիղ եթերում պետքարտուղարն ասում է ավելին, որ «կողմերը շոշափելի առաջընթաց են արձանագրել, […] համաձայնության հասնելը ոչ միայն պատմական կլինի, այլև խորապես կբխի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից, […] համաձայնության հասնելուն մոտ ենք (we really are within reach of an agreement), բայց մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է»։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն այս շաբաթ անցկացրած բանակցությունների ընթացքում Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: