Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Թուրքիայի օդային տարածքը փակելու հարցը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին, հայտնում է Հայաստանի խորհրդարանի պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել:

«Ալեն Սիմոնյանը, ցավով անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի կողմից հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելուն, հույս է հայտնել, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի խնդրի լուծմանը: Ի պատասխան՝ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ իրենց համար զգայուն և ցավալի հարց է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացումը, որով էլ պայմանավորված է վերոնշյալ արգելքը: ՀՀ ԱԺ նախագահը հակադարձել է, որ բազում պատճառներ կարելի է մատնանշել, որոնց հետեւանքով բազմաթիվ գործընթացներ կանգ են առել, սակայն իր այցը նաև այս առումով առաջ շարժվելու ազդակ է պարունակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով՝ հուշարձանի տեղադրման որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, և դա Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում չէ։ Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից․ «Վերջին ամիսների ընթացքում այս մակարդակում կայացված որոշումներին բոլորդ ականատես եք»։

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար:

«Չնայած մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումների տարբերությանը՝ հուսով ենք, որ այս հանդիպումը հիմք կծառայի հայ-թուրքական խորհրդարանական երկխոսություն հաստատելու և դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ հիմքեր ձևավորելու համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Մուստաֆա Շենթոփի խոսքով Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նրա համոզմամբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հնարավոր շուտափույթ հանգուցալուծումն օգուտ է ոչ միայն հակամարտող կողմերին, այլ ամբողջ տարածաշրջանին: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ հայկական կողմը խաղաղության օրակարգով է առաջնորդվում և չի շեղվելու այդ օրակարգից: Նա փաստել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել Թուրքիա-Ադրբեջան դաշնակցային հարաբերություններին, ինչի շրջանակում Հայաստանի ԱԺ նախագահը շեշտել է, որ Բաքվի մոտեցումները կառուցողական չեն, վերջինս հանդես է գալիս առավելապաշտական դիրքերից: Նշվում է, որ քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին և հետպատերազմական իրավիճակին առնչվող հարցեր:

Մեկնաբանել