Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը դարձել է Եվրոպայում առաջատար՝ ժամանող չվերթների ուշացման ցուցանիշով, ասված է եվրոպական Eurocontrol կազմակերպության (որը հետևում է օդային հաղորդագրությանը եվրոպական երկրներում) զեկույցում։
Կազմակերպության տվյալներով՝ «Հիթրոու» ժամանող ինքնաթիռները միջինը ուշանում են 1 հազ․ 676 րոպե օրական։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Ֆրանկֆուրտի օդանավակայանը (1 հազ․ 410 րոպե օրական)։
Զեկույցում նշվում է, որ մինչև 2011թ․ չորրորդ թռիչքուղու շահագործման հանձնելը գերմանական օդանավակայանում մուտքային չվերթների օրական միջին ուշացման ցուցանիշը կազմում էր 3 հազ․ 400 րոպե։
Ընդ որում՝ գերմանական օդանավակայանը օրական ընդունում է միջինը 698 չվերթ, իսկ լոնդոնյանը՝ 667։
Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը Փարիզի «Ռուասի-Շառլ դը Գոլ» օդանավակայանն է։ Այստեղ օրական ժամանում է միջինը 721 ինքնաթիռ, սակայն մուտքային չվերթների ուշացման ցուցանիշը կազմում է ընդամենը 640 րոպե օրական։
Չվերթների ուշացման ցածր ցուցանիշներ են արձանագրվել նաև Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում և Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանում։