Փաշինյանն ու Ալիևը շաբաթավերջին կհանդիպեն Բրյուսելում․ Financial Times

brussels nikol pashinyan ilham aliyev charles michel

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջիկա կիրակի օրը Բրյուսելում Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպում կանցկացնեն, գրում է The Financial Times-ը՝ հղում անելով նախապատրաստական ​​աշխատանքներից լավատեղյակ երեք պաշտոնյայի։

Պաշտոնյաներից մեկը նշել է, որ Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան է»՝ հավելելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերը միմյանց փոխլրացնող գործընթացներ են։

Պարբերականը գրում է, որ երեք առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Մոլդովայում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

***

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մայիսի սկզբին հանդիպումների շարք էին անցկացրել Վաշինգտոնում՝ երկկողմ և եռակողմ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ, ձևաչափերով։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նույնական հաղորդագրություններ են տարածել՝ նշելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս շաբաթ կայցելի Մոսկվա։ Նա չի հստակեցրել, թե ինչ օրակարգով է գնում Ռուսաստան և ինչ հանդիպումներ են նախատեսված։

Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ հաստատել է, որ ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Մեկնաբանել