Հայաստանի զինված ուժերում կանանց ներգրավումը և առկա մարտահրավերները

Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն՝ կանանց համար․ ի՞նչ է սա և որքանո՞վ է Հայաստանը պատրաստ կանանց ներգրավմանը պարտադիր զինվորական ծառայության համակարգում։ Նախ դիտարկենք այս բառախաղի տրամաբանությունը, թե ինչ ասել է կամավոր-պարտադիր՝ ելնելով այն պնդումից, որ բառերի և հասկացությունների գործածումն ինքնանպատակ լինել չի կարող և պատահական չէ նաև «պարտադիր» բառի գործածումը։

Հայաստանում զինապարտության համակարգը կարգավորվում է երկու՝ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների միջոցով, որոնց համաձայն՝ մինչ այժմ պարտադիր զինվորական ծառայությունը վերաբերում էր միայն արական սեռի ներկայացուցիչներին: Համաձայն ՀՀ կառավարության վերջերս կայացրած որոշման՝ կներդրվի իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ, որն իր մեջ ներառում է նաև իգական սեռի քաղաքացիների պարատադիր զինծառայության կանոնակարգման հիմունքները։ Ըստ այդմ, սահմանվել է իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինծառայության ժամկետ, որի տևողությունը վեց ամիս է։ Այդ համակարգում ընդգրկվելու համար ՀՀ իգական սեռի քաղաքացիները պետք է ներկայացնեն դիմում՝ հայտնելով զորակոչվելու ցանկություն։

Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ «զորակոչված իգական սեռի ներկայացուցիչներն առանց վիճակահանության նշանակվում են ուսումնական զորամասեր, և նրանց ծառայությունն իրականացվում է բացառապես այդ զորամասերում։ Ծառայության վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում ստանալու են պատվովճար, որը նախատեսվում է սահմանել վեց ամիսը լրիվ ծառայելու պարագայում 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը վեց ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով»։

Փաստացի, զինապարտություն հասկացությունն այժմ կտարածվի նաև կանանց վրա և կկրի համընդհանուր բնույթ՝ վերացնելով տղամարդկանց մենաշնորհն այս ասպարեզում։ Գենդերային հավասարությանն ուղղված այս քայլը խրախուսվում է միջազգային փաստաթղթերով, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևով։ Շատ հաճախ միջազգային փաստաթղթերում զինված ուժերում կանանց ներգրավման հարցը դիտարկվում է որպես մասնագիտական մատչելիության, գենդերային հավասարության և որոշումների կայացման մակարդակում հավասար մասնակցության խնդիր։
Չնայած այդ ձգտումներին և պետությունների կողմից կանանց զինծառայության համակարգում ներգրավման արագացող տեմպերին՝ հասարակության ներսում առկա գենդերային կարծրատիպերը դեռևս շատ կենսունակ են, և կանայք շատ երկրներում չեն օգտվում նույն կարգավիճակից, ինչ տղամարդիկ։ Բանակը շարունակում է մնալ հայրիշխանական և բռնության մշակույթը կրող կառույց, որտեղ տիրում են առավելապես տղամարդկային միջավային բնորոշ բարքեր։

Սեռական հետապնդումները ևս մի մարտահրավեր է, որին բախվում են կանայք զինծառայության ընթացքում։ Ըստ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հրապարակած տվյալների՝ ԱՄՆ-ում պաշտպանության դեպարտամենտն ընդունել է, որ 2005թ. եղել է սեռական հարձակման դեպքի մասին 2 374 հաղորդում։ Սա 40 տոկոսով ավել է 2004թ. ընթացքում տրված հաղորդումների թվից (1 700)։ Իսկ 2004թ. վիճակագրությունը 25 տոկոսով գերազանցում էր 2003թ. արձանագրված թիվը (1 012)։

2003թ. տվյալներով՝ 2002թ. վիճակագրության համեմատ, աճը կազմել է 41 տոկոս։ Հաշմանդամության նպաստի համար դիմած կին վետերանների թվում մարտական գործողություններին մասնակցած վետերանների 69 և անմիջապես մարտական գործողություններին չմասնակցած վետերանների 86 տոկոսը հաղորդել են ծառայության ընթացքում կամ դրանից հետո սեռական հարձակման ենթարկվելու մասին։
Այս տվյալները վերաբերում են այն երկրներին, որտեղ մշակված են նաև սեռական ոտնձգությունների կանխարգելման քաղաքականություններ և հասարակության ներսում կա նաև անհանդուրժող վերաբերմունք բռնության նկատմամբ։

Հայաստանում, երբ սեռական ոտնձգությունների, բռնությունների և բռնաբարությունների մասին խոսելը տաբու թեմա է, զինված ուժերում իգական սեռի զինծառայողների համար անվտանգ միջավայրի մասին խոսելն այլևս դառնում է ավելորդ, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պաշտպանության համակարգն այսօրվա իր ռեսուրսներով անվտանգ միջավայր չի երաշխավորում նույնիսկ արական սեռի ներկայացուցիչներին։

Ինչ վերաբերում է ընդհանրապես կանանց հավասարության դիսկուրսի շահարկմանն ու նման կառույցներում հավասարության քողի ներքո ներգրավման քննադատությանը, ապա այդ դիտանկյունից թեմային կանդրադառնանք հաջորդիվ։

Մեկնաբանել