«Մեր նոր պահանջն է՝ այսուհետ քանդում ու փոսալցում նույն օրը». Տիգրան Ավինյան

Երևան քաղաքի վարչական շրջաններից մի քանիսում փոսալցման աշխատանքներն առ այսօր չեն մեկնարկել, իսկ որոշներում ասֆալտապատման որակը չի համապատասխանում սահմանված նորմերին։

Մայիսի 8-ին Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ներկայացրեց իրավիճակը՝ ըստ վարչական շրջանների։

«Մենք Կենտրոն վարչական շրջանում ունենք 50 տոկոս կատարողական, Նորք-Մարաշում՝ զրո տոկոս, կապառալուն «Ամիրխանյան շին» ՍՊԸ-ն է, Նոր Նորքում՝ 30 տոկոս, Ավանում՝ 60 տոկոս, Էրեբունիում՝ 15 տոկոս, Նուբարաշենում՝ զրո տոկոս, Քանաքեռ-Զեյթունում՝ 70 տոկոս, Արաբկիրում 80 տոկոս, Շենգավիթում՝ 10 տոկոս, Աջափնյակում՝ 80 տոկոս, Մալաթիա-Սեբաստիայում՝ 80 տոկոս, Դավթաշենում՝ զրո տոկոս»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ «լուրջ խնդիր է առկա կապալառուների հետ»։

«Խնդիրը կապված է հատկապես երկուսի հետ, որոնք միասին տարել են 10 լոտ։ Նրանք թե՛ տեխնիկապես, թե՛ հնարավորություններով չեն կարողանում ամբողջ ծավալով մի քանի խմբերով աշխատանք իրականացնել։ Դրան գումարած՝ նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ, ինչպես նաև տարածք, որտեղից ասֆալտ պետք է ներկրեն։ Մենք սկզբնական շրջանում իրենց կցեցինք մեր այն գործընկերներին, որոնք ունեն ասֆալտի գործարաններ, որ իրենց հետ համագործակցեն, բայց մենք չենք կարող իրենց գործը ինքներս իրականացնել։ Մեկի մասով ունենք արդեն երեք նկատողություն ու ծանուցում է լինելու պայմանագրի խզման։ Մյուսի մասով ունենք մեկ նկատողություն»,- ասաց Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Երևանի փոխքաղաքապետ, նիստը վարող Տիգրան Ավինյանը հարց բարձրացրեց, թե տեխնիկական առաջադրանքում ինչո՞ւ չի արձանագրվել գործարանի առկայության պահանջը, որպեսզի փոսը փորելուց հետո «11-րդ օրը միայն ասֆալտապատում չիրականացնեն»։

«Մենք 10-15-20 օր այդ փոսերով կգնանք, մինչև ինքը այդ հարցը կլուծի։ Պարզ է, որ գործարան ունեցողը պետք է զբաղվի այդ հարցով։ Ինչո՞ւ չկար տեխնիական առաջադրանքում այդ պահանջը»,- հարցրեց Ավինյանը։

Ըստ Խորեն Գրիգորյանի՝ իր տեղեկությամբ Գնումների մասին օրենքը թույլ չի տալիս հավելյալ նման պայմաններով ծանրաբեռնել հայտը՝ մրցակցության հավասարությունն ապահովելու նպատակով։ Գնումների վարչության պետը, արձագանքելով, հերքեց Խորեն Գրիգորյանի պնդումը։ Նա ասաց, որ նման պահանջ կարող է սահմանվել, ինչպես նաև կարող է սահմանվել աշխատանքների կատարման ժամանակացույցը։

Տիգրան Ավինյանը շեշտեց, որ կապառալուն չպետք է քաղաքապետարանի փոխարեն քաղաքականությունը որոշի. «Մենք ուզում ենք, որ փոսերը քանդվեն ու նույն օրը լցվեն։ Հետևաբար, կմասնակցեն այնպիսի ընկերություններ, որոնք այդ հնարավորությունն ունեն»,- շեշտեց Ավինյանը։

Տիգրան Ավինյանը ամփոփեց, որ «այսուհետ փոսալցման աշխատանքները տեղի են ունենալու քանդում և փոսալցում նույն օրը» սկզբունքով։ Ավինյանը նաև շեշտեց, որ այս սկզբունքը գործելու է հաջորդ տարվա մրցույթների դեպքում, իսկ ընթացիկ տարվա հարցերը պետք է հնարավորինս ուշադրության կենտրոնում պահել, որ ուշացումներ չլինեն։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել