Թուրքիան պահանջում է ապամոնտաժել «Նեմեսիս»-ի հուշարձանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է, որ հայկական օդանավերի համար օդային տարածքը փակելուց հետո Թուրքիան հավելյալ միջոցներ կձեռնարկի, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշարձանը։ Այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Ermenihaber-ը։

«Անհնար է, որ մենք դա ընդունենք։ Հստակ կերպով տեսանք, որ նրանք բարի մտադրություն չունեն։ Ներողություն, բայց թող չասեն, թե դա մեր լիազորությունը չէ, թող չփորձեն մեզ խաբել։ Անշու՛շտ, ուղիղ թռիչքներ կան։ Մեր Պեգասուսն է, կարծեմ, թռչում այս պահին։ Սակայն մեր օդային տարածքով Եվրոպա են թռչում (հայկական օդանավերը – խմբ․), այլ վայրեր են թռչում։ Միայն Հայաստանի խորհրդարանի ղեկավարն է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի այս հավաքի համար Թուրքիա գալու, դա թույլ տվեցինք, քանի որ դա միջազգային հավաք է, դա բացառություն է, մինչդեռ, դրանից բացի, VIP թռիչքները ներառյալ՝ թռիչքները այլևս թույլ չենք տալու»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Ապրիլի 25-ին Երևանում բացվել է «Նեմեսիս»-ի (Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատժելու գործողության) հուշարձանը։ Թուրքիայի արտգործնախարարությունը հուշարձանի բացումը «սադրիչ և ամոթալի» քայլ է համարել։ Հուշարձանի բացումից հետո Թուրքիան նաև փակել է իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։ Խոսքը երրորդ երկրներ թռիչքների մասին է, Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ հայկական ավիանընկերությունները կարող են թռիչքներ կատարել։

Մեկնաբանել