Մայիսի 9-ը չի չեղարկվել․ այն մեր պատմության մասն է

Այսօր հաղթանակի օրն է: Կյանքը շարունակվում է: Պատմությունը՝ վերաիմաստավորվում, բանավիճվում, բայց չի չեղարկվում: Այսօր տոնելու ու խորհելու շատ առիթներ կան:

Հայաստանում գյուղ չկա, որտեղ «հայրենական» կոչվող, բայց իրականում նացիզմի դեմ մարդկության պայքարում իր առարկայական ու անդառնալի ներդրումը ունեցած հայազգիների հիշատակը հարգող հուշարձան չլինի: Մեր գյուղում էլ՝ դպրոցի հարևանությամբ, մի մեծ հուշակոթող կա: Ընկած բյուրականցիների անունները չգիտեմ, բայց հիշատակն առնվազն հարգանքի է արժանի: Սա նաև հպարտության առիթ է: Հաշիվ տալու ու առնելու առիթ է:

Հաճախ անանուն, բայց պարբերաբար շրջանառվող թվերը վկայում են սովետական զորամիավորումներում հայազգի երիտասարդների մասնակցության չափաբաժնի մասին: Այս օրերին մղվող ռազմական գործողությունների համատեքստում հիշատակման է արժանի ութսուն հազար հայազգիների մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինայի ազատագրման համար մղվող մարտերին: Խոնարհումս երեսուն հազար զոհվածներին ու հարգանքներս հարազատներին՝ թոռնիկներին ու ծոռնիկներին: Վստահ եմ՝ հպարտությամբ են հիշում իրենց նախնիներին:

Երեսու՜ն հազար զոհ:
Համակող ցավ ու հպարտություն…
Քսանմեկ հերոսներին ու Կիևը ազատագրող զորքերի գեներալ-մայոր Սարգիս Մարտիրոսյանի ժառագներին հազար երանի՝ ի՜նչ նշաձող է սահմանել նրանց նախնին: Այսօր տոնելու ու հիշելու շատ բան կա, այդ թվում՝ այս ժառանգության տերը լինելու առումով:

Ամաչում եմ, որ մինչ օրս քաղաքական վերնախավի ոչ մի ներկայացուցիչ հաշիվ չի ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքով նստած Ռուսաստանի Դաշնությանը ու չի հիշեցրել, որ այդ աթոռին արժանանալու համար նաև մեծապես պարտական են հայազգի ներկայացուցիչներին և ՀՍՍՀ իրավահաջորդ Հայաստանի Հանրապետությանը: Չեն հիշեցրել, որ վետոյի իրավունքը օգտագործելիս իրենց հաշիվ տան, թե ինչու ու ինչպես են այդ աթոռին հայտնվել ու թե դա ի՜նչ պատասխանատվություն է ենթադրում մարդկության և առնվազն հաշվետվություն՝ այն ազգերի առաջ, որոնք այդքան առարկայական ներդրում են ունեցել: Հուսամ՝ մի օր այդ հաշիվը դուրս կգրենք միասին:

Չի կարելի չտեսնել, որ մարդատյաց ու ցեղասպան քաղաքականության դեմ պայքարը մեզ համար մեկնարկել է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ: «Նեմեսիս» գործողությունը Օսմանյան կայսրության ռազմական տրիբունալի վճռի իրագործումն է եղել, ու այդ կայսրության չգոյության պայմաններում՝ արդարության վերականգնման փորձ, որը ուրանալ չի կարելի, անգամ երբ սպառնում են թթվածնից զրկել:

Ամաչում եմ, որ մինչ օրս քաղաքական վերնախավում հայտնվածները քաղաքական հասունություն չեն դրսևորել և վրեժի խոսույթից դուրս այն գնահատել չեն կարողացել: Կամ էլ ափսոսում են մի խումբ մարդկանց նախաձեռնության համար: Շատ ցավում եմ, որ մինչ օրս այդ հաշիվն էլ դուրս գրել չենք կարողացել: Հուսամ՝ գոնե հիմա գիտակցում ենք, թե ինչ համամարդկային մասշտաբի նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի փաստարկված, բայց և հուզական՝ ապրված ելույթը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում: «Խաղաղություն արդարադատության միջոցով» այս կարգախոսը այն վերջին հանգրվանն է, որից հետո մնում է արտադատարանական լուծումը:

Հայերը մասնակցել են այս աշխարհակարգի ճարտարապետությանը իրենց շոշափելի ու անդառնալի ներդրմամբ և մինչև վերջ մնում են հավատարիմ այդ պայմանավորվածությանը: Այս հաշիվը դուրս գրող կլինի՞ տեսնես:

Այսօր Շուշիի ազատագրման օրն է: Այն չի չեղարկվել: Այդ օրն իր հերոսներով, ընկածներով, անանուն ու սովորական սխրանքներով մեր պատմության մասն է: Հիմա ընկած է, բայց այդ հաշիվը այս երիտասարդների ուսերին չէ: Այսօր նրանց ու թիկունքը պինդ պահողների հաղթանակի օրն է: Միայն մեկ փաստ, որը դաջվել է իմ հիշողության մեջ ռուս ռազմական փորձագետի հարցազրույցից, որն անհուն ամոթի ու այդ պայքարում ներկա ստացածների փոխարեն հպարտության չվաստակված ապրումների առիթ տվեց․ 44-օրյա պատերազմում թշնամական զորքերի օրական առաջխաղացումը մեկ կիլոմետրից քիչ է եղել: Համեմատության համար ասեմ, որ ես իմ հիսուն տարեկանում ութ կիլոմետրը քայլքով հաղթահարում եմ մեկուկես ժամում: Քսանչորս ժամ մղվող մարտեր՝ ու մեկ կիլոմետր:

Այս հաշիվը մենք մեզ պիտի տանք ու մեկն էլ դուրս գրենք մեր ռազմաքաղաքական վերնախավին:

Արցախը 147 օր դիմադրում է: Այսօր դանդաղ կերտվող հաղթանակի ևս մեկ օր է:

Մեկնաբանել