Հունիսի 1-ին Քիշնևում կկայանա Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը՝ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առաջիկայում ԵՄ միջնորդությամբ եռակողմ և հնգակողմ հանդիպումներ կանցկացնեն, մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մայիսի 14-ին ակնկալվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում, ինչին հաջորդելու է հունիսի 1-ին՝ արդեն նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպում Քիշնևում․ «Կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումներն ու առաջ շարժվենք»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենակարևոր հարցերում առաջընթաց չկա։ Այդ հարցերը, ըստ Արմեն Գրիգորյանի՝ վերաբերում են Հայաստանի Հանրապետության սուվերեն 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի արձանագրմանը, Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջազգային մեխանիզմի, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծմանը։

***

Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ավելի վաղ գրել է The Financial Times-ը։ Պարբերականը հայտնել էր, որ որ երեք առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Մոլդովայում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ հաստատել է, որ ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մայիսի սկզբին հանդիպումների շարք էին անցկացրել Վաշինգտոնում՝ երկկողմ և եռակողմ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ, ձևաչափերով։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նույնական հաղորդագրություններ են տարածել՝ նշելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։