Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մայիսի 19-ին կհանդիպեն Մոսկվայում

Ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածության մասին ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ չհստակեցնելով ժամկետները։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մայիսի սկզբին հանդիպումների շարք էին անցկացրել Վաշինգտոնում՝ երկկողմ և եռակողմ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ, ձևաչափերով։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նույնական հաղորդագրություններ են տարածել՝ նշելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն էլ առաջիկայում ԵՄ միջնորդությամբ եռակողմ և հնգակողմ հանդիպումներ կանցկացնեն։ Մայիսի 14-ին ակնկալվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում, դրան հաջորդելու է հունիսի 1-ին՝ արդեն նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպում Քիշնևում։

Մեկնաբանել