14:05
«Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել։ Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։
13:10
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը:
Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
10:50
Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում է ՊՆ-ն։
«Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:25
Հայկական կողմը 10։25-ի դրությամբ ունի 4 վիրավոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
«Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրությունում։
10:04
Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին լրացուցիչ հաղորդագրությամբ հանդես կգան։
9:35
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թորոսյանը։
***
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
09:20-ի դրությամբ հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, հակառակորդը շարունակում է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ։
ՊՆ-ից հայտնում են նաև, որ անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին: