Ադրբեջանում ներում ստացած 800 մարդուց միայն երկուսն է քաղաքական ակտիվիստ

Բանտ Ադրբեջանում, լուսանկարը՝ Զաուր Մուստաֆաևի/Trend.az։

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հոր և երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ երկուշաբթի 801 մարդու ներում է շնորհել։

Անկախությունից ի վեր Ադրբեջանի պատմության ընթացքում առաջին անգամ է, որ մեկ հրամանագրով այսքան շատ մարդու ներում է շնորհվում։

Ներում ստացած 801 մարդուց 463-ն ազատ է արձակվել բանտից, 220-ի պատժաչափը կիսով չափ կրճատվել է, իսկ 118-ի դեպքում վերացվել է պատժամիջոցը՝ ազատության սահմանափակում, ուղղիչ աշխատանքներ, տուգանքներ և պայմանական պատիժ:

Ներման արժանացածների թվում է 2017-ին Թերթերի ռազմական լրտեսության գործով դատապարտված չորս և 2018-ին Գյանջայի քաղաքապետի սպանության փորձից հետո Գյանջայում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված երկու անձ։

Իրավապաշտպան խմբերն ու ընդդիմադիր ակտիվիստները ազատ արձակվածներից միայն երկուսին են քաղբանտարկյալ համարում՝ Ադրբեջանի քաղաքացիական և զարգացման կուսակցության նախագահ Ալի Ալիևին և Սումգայիթից իրավապաշտպան Էլչին Մամեդին:

Համաներում ստացածների ցուցակում չեն ներառվել մի շարք լրագրողներ, բլոգերներ և կրոնական ու քաղաքական ակտիվիստներ, այդ թվում՝ ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության հետ կապ ունեցող տասնյակ ակտիվիստներ, որոնք, ենթադրաբար, քաղաքական դրդապատճառներով են բանտարկված։

Կուսակցության նախագահ Ալի Քարիմլին պնդել է, որ ավելի քան 100 քաղբանտարկյալ շարունակում է բանտարկված մնալ, իսկ ներումը որակել է «անհարգալից վերաբերմունք հանրության հանդեպ»:

«Նախ, եթե այս օրերին պետք է համաներում հայտարարվեր, ապա դա պետք է արվեր մայիսի 28-ին՝ մեր պետության ստեղծման 105-ամյակի կապակցությամբ։- գրել է Քարիմլին,- Ինչպե՞ս կարելի է պետության ստեղծման տարեդարձը զոհաբերել [նախագահի – խմբ․] հոր տարեդարձին։ Այս հրամանը ընտանեկան իշխանության շահերը պետության շահերից վեր դասելու վառ օրինակ է»։

Նա հավելել է, որ ընդամենը երկու քաղբանտարկյալի ազատ արձակելով՝ «վարչախումբը ցույց է տալիս, որ հավատարիմ է մնում բռնաճնշումների քաղաքականությանը»։

«Համաներման այս թերի հրամանագիրը նաև բացահայտեց, որ սխալ էր միջազգային որոշ շրջանակների մոտեցումը, որոնք պնդում էին, թե Իլհամ Ալիևին ծափահարելով՝ կնպաստեն առաջադեմ բարեփոխումների իրականացմանը»,- ասել է Քարիմլին։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 8-ին ողջունել է «իրենց հիմնարար ազատությունների իրացման համար բանտարկված ադրբեջանցիներին» ներում շնորհելու փաստը, սակայն նշել է, որ այդ նույն իրավունքների իրացման համար շատերը դեռ մնում են բանտարկված։

«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել այդ անձանց՝ երկրի սահմանադրությունից և միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների համաձայն, ինչպես նաև լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու իր քաղաքացիների հիմնարար ազատությունները»,- ասվում էր դեսպանատան տարածած հայտարարությունում։Ադրբեջանում վերջին անգամ ներման հրամանագիր ստորագրվել է 2022-ի մայիսի 27-ին՝ Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ։ Այդ ժամանակ ներում էր շնորհվել 213 անձի։

Մեկնաբանել