Ադրբեջանը նպատակ ունի զրոյացնել վաշինգտոնյան բանակցություններում գրանցված առաջընթացը․ Փաշինյան

Սոթքում ադրբեջանական զինուժի կողմից ակտիվ հրետակոծությունը նվազել է հայկական կողմի արդյունավետ ու ադեկվատ գործողությունների շնորհիվ։ Կառավարության մայիսի 11-ի նիստի մեկնարկին այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ որքան էլ լարվածությունը նվազել է, միևնույն է, իրավիճակը կայուն համարել չի կարելի։

«Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում։ Նաև նպատակ ունի խաթարել Բրյուսելում կիրակի օրը եռակողմ ֆորմատով ու Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված հնգակողմ ֆորմատով բանակցությունները։ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն պատերազմի ու էսկալացիայի պատճառաբանություն ստանալու համար։ Սա է տեղի ունենում հիմա»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին մտացածին տեղեկություններ է հորինել հայկական կողմից իբր հրադադարի ռեժիմը խախտելու մասին, ու դրանով հող նախապատրաստել էսկալացիայի համար։ Դրա նպատակն էլ բանակցային գործընթացը զրոյացնելն է։

Փաշինյանը, ներկայացնելով Ադրբեջանի քաղաքականությունը, ասաց․ «Անցած տարվա սեպտեմբերյան ագրեսիան Ադրբեջանը փորձեց մոռացության տալ կեղծ բնապահպան-ակտիվիստներով Լաչինի միջանցքը արգելափակելու միջոցով, Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը փորձեցին մոռացության տալ Տեղ գյուղում ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով, Տեղում սահմանը հատելու գործողությունները փորձեցին մոռացության տալ Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով, իսկ Սոթքում փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը»։

Անդրադառնալով Բրյուսելում կայանալիք բանակցություններին, Փաշինյանն ասաց՝ դրանց մանսակցելու որոշումը չի փոխել. «Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Բրյուսելում խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, քանի որ պայմանագրի նախագիծը շատ նախնական տեսք ունի ու վաղ է այդ մասին խոսել»,- հայտարարեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ հայկական կողմը նպատակ ունի հասունացնել այդ փաստաթուղթն ու պատրաստել ստորագրման։

***

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մայիսի սկզբին հանդիպումների շարք էին անցկացրել Վաշինգտոնում՝ երկկողմ և եռակողմ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ, ձևաչափերով։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նույնական հաղորդագրություններ են տարածել՝ նշելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։

Մեկնաբանել