ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանցի երկու զինծառայողների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։

«ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են Հայաստանում։ Այս առնչությամբ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։ Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 10-ին ՀՀ տարածքում ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Ապրիլի 13-ին Կապան քաղաքին հարակից Աճանան գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։ Մինչ երկրորդ զինծառայողի ձերբակալությունը՝ ապրիլի 12-ին, Կապանում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը։

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկը՝ Ագշին Բաբիրովը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման։ Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

Երկրորդ զինվորի՝ Հուսոյն Ախունդովի գործի քննությունը շարունակվում է։ Ախունդովը մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակին սպանելու համար։

Մեկնաբանել