Ավինյանը բացառում է, որ «Նեմեսիս»-ի հուշարձանը կապամոնտաժվի

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառում է, որ «Նեմեսիս»-ի հուշարձանը կապամոնտաժվի։

«Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին, այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ։ Կարծում եմ՝ շատ քաղաքականացնել հարցը, ինչն անում է Թուրքիայի արտգործնախարարությունը, տեղին չէ, որովհետև եթե անընդհատ նույն թեմաները քննարկենք, կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյաների մոտ։ Սա մեր ներքին հարցն է, որևէ մեկը չի կարող սրա հետ կապ ունենալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Տիգրան Ավինյանը նշում է, որ Երևանի քաղաքապետարանը հուշարձանի տեղադրման որոշումը չի համաձայնեցրել կառավարության հետ․ «Կարծում եմ, որ այսպիսի որոշումները պետք է քննարկվեն կառավարության ու արտաքին գործերի նախարարության հետ, վստահաբար, այդտեղ սխալ բան կա»։

Ապրիլի 25-ին Երևանում բացվել է «Նեմեսիս»-ի (Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատժելու գործողության) հուշարձանը։ Թուրքիայի արտգործնախարարությունը հուշարձանի բացումը «սադրիչ և ամոթալի» քայլ է համարել։ Հուշարձանի բացումից հետո Թուրքիան նաև փակել է իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է, որ հայկական օդանավերի համար օդային տարածքը փակելուց հետո Թուրքիան հավելյալ միջոցներ կձեռնարկի, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշարձանը։

Մեկնաբանել