Սոթքի բնակիչների տարհանման մասին լուրերը չեն հաստատվում

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ մայիսի 11-ին գրել են՝ իբր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչների մի մասը տարհանվել է։

Լրատվամիջոցների պնդմամբ՝ այս մասին Մելքոնյանը նշել է 24news.am-ի հետ զրույցում։

Հերքումներ Գեղարքունիքից

Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե բնակավայրերից տարհանում է իրականացվում, չի համապատասխանում իրականությանը։

«Ունեցել ենք քննարկում նաև վիճակի և այդ պահի դրությամբ մեր ունեցածի գնահատում, ինչի արդյունքում չի կայացվել տարհանում իրականացնելու որոշում, և բնակիչները մնացել են բնակավայրերում։ Եվ շեշտեցի, որ այս պահի դրությամբ շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ կազմակերպել»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ բնակայավրերում որևէ խուճապային տրամադրություն չկա։

Սարգսյանը նաև հայտնեց, որ զրույց է ունեցել բնակավայրերի վարչական ղեկավարների ու բնակիչների հետ և իրեն չեն հայտնել, որ որևէ ընտանիք կամ անձ ստեղծված իրավիճակի պատճառով դուրս է եկել բնակավայրից։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց նաև Սոթքի գյուղապետ Սևակ Խաչատրյանի հետ, որը ևս պնդեց, որ տարհանման մասին լուրերը կեղծ են։ Վերջինիս խոսքով՝ բնակիչները զբաղված են իրենց առօրյա գործերով։

«Մարդիկ կարտոֆիլ են ցանում, գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է։

ՍիվիլՆեթի նկարահանող խումբը ևս այցելեց Սոթքին հարակից տարածք և փաստեց, որ բնակիչներն արտերում աշխատանքներ են իրականացնում, գյուղում ակտիվ վիճակ է, մեքենաները մտնում են գյուղ և դուրս են գալիս։

Ո՞վ է հայտնել Սոթքի բնակիչների մի մասը տարհանման մասին

24news-ի հետ զրույցում, անդրադառնալով մայիսի 11-ի առավոտյան Սոթքի հատվածում ստեղծված իրավիճակին, Մելքոնյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը բոլոր տեղերում հրետակոծություններ իրականացրել է դիրքերի ուղղությամբ և գյուղերի վրա չի կրակել։ Այս պնդմանն ի պատասխան՝ լրագրողը հարց է ուղղել, թե այդ դեպքում ինչո՞ւ է Սոթքի բնակիչների մի մասը տարհանվել։

Մելքոնյանը լրագրողի այս տեղեկությունը չի հերքել և պատասխանել. «Եթե կրակոցներ են, ուրեմն պիտի տարհանվեն։ Մենք կարո՞ղ ա իրենց հետ պայման ենք կապել, որ գյուղերին չխփեն, կարող ա և խփեն, իրանք թուրք են, չէ՞ […] Դրա համար ավելի լա՞վ չէ, որ մենք ապահովենք գյուղացիների կյանքը»։

Փաստացի տեղեկությունը, թե Սոթքի բնակիչների մի մասը տարհանվել է, հնչել է լրագրողի կողմից, որը սակայն Մելքոնյանը չի հերքել, ավելին՝ իր պատասխանով հաստատել է այն։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Մեկնաբանել