Ադրբեջանի նպատակը Սոթքի ոսկու հանքին տիրանալն էր․ Սեյրան Օհանյան

Սոթքի ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի նպատակը Սոթքի ոսկու հանքին ամբողջությամբ տիրանալն էր, մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այս սադրանքը, որքան ես գիտեմ, իրենք իրականացրել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Իհարկե, նպատակը և դիրքային բարելավումն ունենալն էր, և Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալը։ Ռազմավարական նպատակը դա շարունակական ճնշումներով ՀՀ-ի վրա ազդելն է, որպեսզի բանակցային գործընթացում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտական և հաղթողի դիրքերից։ Եթե սա տեղի է ունենում բանակցային գործընթացին զուգահեռ, ևս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել»,- նշեց նա։

Օհանյանի խոսքով՝ հայկական բանակն այս անգամ կարողացել է իր առջև դրված խնդիրն իրականացնել և հակառակորդին թույլ չտալ առաջ գալ, բայց, ըստ նրա՝ Ադրբեջանը շարունակելու է ճնշումները։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության:

Մեկնաբանել