Ի՞նչ է էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը․ հարցազրույց մատակարարող ընկերության հետ

Լուսինե Վարդանյան

2022-ին Հայաստանում մեկնարկեց էլեկտրաէնեգիայի շուկայի ազատականացման գործընթաց։ Մինչ ազատականացումը գործում էր մեկ սխեմա՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն (ՀԷՑ) արտադրողներից գնում էր էլեկտրաէներգիան և վաճառում/բաշխում սպառողներին։ Շուկայի ազատականացումը ենթադրում է, որ դաշտում գործող արտադրողներն ու մատակարարները կարող են սպառողներին էլեկտրաէներգիա վաճառել համատեղ պայմանավորվածությամբ, որի պարագայում ՀԷՑ-ը հանդես կգա որպես բաշխող, ոչ թե վաճառող։ ՀԷՑ-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում միակ ընկերությունն է։

2023-ի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի այն սպառողները, որոնք անմիջապես միացված են հաղորդման ցանցին կամ արտադրողին, 110 կՎ և բարձր լարման բոլոր սպառողները, որոնք նախորդ տարում ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում, պարտավոր են ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ընտրել շուկայում գործող այլ մատակարար։ Հակառակ դեպքում այդ սպառողները սպառած էլեկտրաէներգիայի համար երաշխավորված մատակարարին, այսինքն՝ ՀԷՑ-ին, վճարում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սահմանած սակագներով՝ 30-ից 53,5 դրամ՝ մեկ կՎտժ-ի համար (կախված սպառողների խմբից, սպառման քանակից, ժամից և այլ հանգամանքներից)։

2024-ի փետրվարից ազատ շուկային պարտադիր պիտի միանան 35 կՎ լարման սպառողները, իսկ 2025-ի փետրվարից՝ 6 (10) կՎ լարման սպառողները։

Մատակարարի լիցենզիա է ստացել նաև «Շտիգեն» խմբի մեջ մտնող «Էներէքս» ընկերությունը։ ՍիվիլՆեթը զրուցել է ընկերության տնօրեն Գագիկ Մարգարյանի հետ։

Գագիկ Մարգարյանը, Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի։

Ինչպե՞ս է գործում Էլեկտրաէներգիայի ազատ շուկան:

– 2022-ի փետրվարի 1-ից ՀՀ-ում էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է, ինչը նշանակում է, որ ՀԷՑ-ից բացի այլ կազմակերպություններ, որոնք ունեն մատակարարի կամ մեծածախ առևտուր իրականացնողի լիցենզիա, կարող են շուկայում հանդես գալ որպես միջնորդ արտադրողի և սպառողի միջև, այսինքն՝ մատակարարը կարող է էլեկտրաէներգիա գնել արտադրող կայաններից և վաճառել սպառողներին, ինչի արդյունքում ՀԷՑ-ի՝ որպես մատակարարի մենաշնորհը վերանում է, և դաշտում գործում են շուկայական հարաբերություններով կարգավորվող հավասարակշռված գներ։

Ի՞նչ է տալիս էլեկտրաէներգիայի ազատ շուկան մատակարարին և սպառողին:

– Շուկայի ազատականացումն առհասարակ բոլորին տալիս է մրցակցային հնարավորություններ։ Քանի որ մինչև այժմ սակագները կարգավորում էր ՀԾԿՀ-ն, սակագները միջինացված թվեր էին, իսկ ներկայում հնարավորություն է ընձեռվել, կախված սպառողի սխեմայից, ռեժիմից, ընտրել համապատասխան կայան և ապահովել օպտիմալ գնագոյացում՝ ստանալով ավելի ցածր սակագին։ Այսինքն՝ սպառողի տեսանկյունից շուկայի ազատականցումը բերում է ավելի էժան սակագնի, քան առաջարկում էր ՀԷՑ-ը։

Նույնը կարող եմ ասել արտադրող կայանների մասով։ Արտադրող կայաններն էլ հնարավորություն են ունենում իրենց արտադրած էլեկտրաէներգիան ավելի բարձր գնով վաճառել շուկայում, քան վաճառում էին ՀԷՑ-ին։

Ի՞նչ է առաջարկում «Էներէքս» ընկերությունը։

– «Էներէքսը» շուկայում գործող միակ ընկերությունն է, որը սպառողներին առաջարկում է ոչ թե ֆիքսված սակագին, այլ ճկուն գներ՝ կախված սպառման ռեժիմից, սխեմայի հնարավորություններից։ Քանի որ շուկայում առևտուրը իրականացվում է ժամային կտրվածքով, յուրաքանչյուր ժամի համար կոնկրետ գնագոյացում է առաջանում, այսինքն՝ սակագինը նվազեցնելու առումով շատ ավելի մեծ հնարավորություններ են բացվում սպառողի համար։

Ընկերությունը շատ ավելի խոշոր սպառողներին առաջարկում է ինքնուրույն հանդես գալ շուկայում՝ շուկայում իրականացվող գործառույթները պատվիրակելով «Էներէքս»-ին, այսինքն՝ մենք տվյալ պարագայում որպես ծառայություն մատուցող ենք հանդես գալիս, այլ ոչ թե մատակարար, քանի որ այսօրվա օրենսդրությամբ յուրաքանչյուր սպառող, որը տարեկան 1 մլն կՎտժ-ից ավելի սպառում ունի, կարող է ինքնուրույն գրանցվել շուկայում՝ որպես որակավորված սպառող, և ինքնուրույն իր սպառման ռեժիմները կառավարել։

Ո՞րն է լինելու ՀԷՑ-ի դերը։

– ՀԷՑ-ը այսօր ունի երկու կարգավիճակ։ Մեկը բաշխողի կարգավիճակն է, այսինքն՝ իրականացնում է շուկայում բաշխման ծառայություն, որը բնական մենաշնորհ է, և նման լիցենզիա կարող է միայն ինքը ունենալ, երկրորդ կազմակերպություն չի կարող բաշխման ծառայության լիցենզիա ունենալ։ Այն նաև հանդես է գալիս որպես երաշխավորված մատակարար, այսինքն՝ եթե տվյալ սպառողը այլ մատարակար չգտնի, ՀԷՑ-ը որպես մատակարար հանդես կգա, պարզապես սակագինը ավելի բարձր կստացվի։

Ի՞նչ կտա շուկայի ազատականացումը։

– Շուկայի ազատականացումը շատ մեծ խթան կհանդիսանա նոր կայաններ կառուցելու, միջպետական առևտուրը զարգացնելու առումով, որովհետև մինչև օրս դա կարգավորող մարմինը՝ ՀԾԿՀ-ն, որոշում էր, թե որ արտադրողը կամ որ կայանը ինչ սակագնով պետք է արտադրի։ Ներկայում այս ամենը որպես հնարավորություն է դիտարկվում, քանի որ յուրաքանչյուր արտադրող կարող է մշակել իր սակագնային քաղաքականությունը, գնագոյացման կամ ետգնման ժամանակահատվածը որոշել, ավելի ճկուն հանդես գալ շուկայում և իր արտադրանքը վաճառել։ Սրա արդյունքում նոր կայանների կառուցումը խթանվում է։

Ի՞նչ ռիսկեր կան և ինչպե՞ս են դրանք կառավարվելու։

– Ցանկացած բիզնեսում բնականաբար կան ռիսկեր։ Ազատականացված շուկայում ռիսկերն այն են, որ առևտուրը իրականացվում է ժամային կտրվածքով, այսինքն՝ յուրաքանչյուր ժամի համար պետք է գնել էլեկտրաէներգիա տվյալ ժամին այդ նույն քանակությունը սպառելու նպատակով։ Այստեղ շատ կարևոր է ռեժիմները ճիշտ կառավարելը, ճիշտ կանխատեսելը։

Եթե գնենք ինչ-որ ժամի համար պայմանական 100 միավոր էլեկտրաէներգիա, բայց սպառենք 80-ը, ստացվում է՝ վճարել ենք 100 միավոր էլեկտրաէներգիայի համար, բայց չենք սպառել ամբողջովին։ Եվ հակառակը՝ եթե գնել ենք 100 միավոր, բայց սպառել ենք 120-ը։ Այսինքն՝ ռիսկ են համարվում սպառման և էլեկտրաէներգիայի գնման սխալ կանխատեսումները։

Այս խնդիրները կարգավորելու նպատակով շուկայում գործում է հաշվեկշռի ծառայություն մատուցող, որը հաշվեկշռում է այդ բոլոր անհաշվեկշիռները։ Առաջին դեպքում հաշվեկշռողը կվերցնի 20-ը շուկայի ամենացածր գնով, իսկ երկրորդ դեպքում՝ կապահովի պակաս գնածը, բայց շուկայի ամենաթանկ գնով։

Մեկնաբանել