Ամեն ինչ կանենք Հայ եկեղեցու և համայնքի շահերն անվտանգ պահելու համար․ Երուսաղեմի պատրիարքություն

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը և Պաղեստին պետությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ կասեցրել են Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսի ճանաչումը որպես Երուսաղեմի Հայ Ուղղափառ Եկեղեցու և մնացած լիազորություններով պատրիարք։

Նշվում է, որ որոշումը կայացվել է Սուրբ Երկրի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բազմաթիվ ջանքերից և փորձերից հետո, որոնք չհաջողեցին շտկել պատրիարքի գործերը Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի անշարժ գույքի հետ կապված, որը մշակութային և մարդկային ժառանգություն է, և Սուրբ քաղաքի խճանկարի պատմական հատված։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսի ճանաչումը կասեցնելու վերաբերյալ։

«Առավել զարմանալին և մտահոգիչն այն է, որ այս լուրը շրջանառության մեջ է դրվել «Կովերի պարտեզի» խնդրի հիմանական պատասխանատու վարդապետ Երեցյանին պաշտոնից հեռացնելու, նրան կարգալույծ հռչակելու և վանքից արտաքսելու որոշումներից հետո։ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հնարավոր ամեն ինչ կանի անվտանգ պահելու համար Հայ եկեղեցու և համայնքի շահերը»,- ասված է հաղորդագրությունում։

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքը վարձակալության հանձնելու խնդիրը 2022-ին լայն արձագանք է ստացել սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում և մեծապես լուսաբանվել է մամուլում այն բանից հետո, երբ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները հայտարարություն էին տարածել՝ մտահոգություն հայտնելով «Կովերի պարտեզ» տարածքի վարձակալության առնչությամբ։ Նրանք պահանջել էին պատրիարքից չեղյալ հայտարարել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը։

Այս տարեսկզբին Երուսաղեմի Հայոց Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որոշմամբ՝ Սուրբ աթոռի կալվածքների տեսուչ նշանակվեց Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Պարետ վարդապետ Երիցյանին, որի անունը կապվում է «Կովերի պարտեզ» կալվածքը վարձակալության հանձնելու աղմկահարույց հարցի հետ։ Օրերս վերջինս կարգալույծ հռչակվեց և հայտարարեց, որ համաձայն չէ որոշման հետ՝ շեշտելով, որ բոլոր գործողություններն իրականացրել է պատրիարքի իմացությամբ և հավանությամբ։

Մեկնաբանել