Երևանում օդի վատ որակի հարուցիչներից մեկը մեծ ծավալով շինարարության փոշին է. Տիգրան Ավինյան

Փոշին՝ Երևանի օդում. ինչ են ասում թվերը

Երևան քաղաքում օդի վատ որակի հարուցիչներից մեկը, ըստ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի, մեծ ծավալի փոշին է, որը գալիս է շինարարությունից. այդ մասին նա հայտարարեց մայիսի 15-ին՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Վերահսկողությունը պետք է իրականացնենք մի փոքր ավելի խիստ։ Այս շաբաթվանից մենք սկսում ենք հասկանալ՝ փոշու հետ կապված ինչ ստանդարտներ ունենք ֆիքսած, և բոլորին ստիպելու ենք, որ այդ ստանդարտները պահպանեն»,- ընդգծեց Ավինյանը։

Մինչ այդ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը հայտնեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում բազմաբնակարան շենքերի ու այլ օբյեկտների շինարարական աշխատանքների նկատմամբ կազմվել է 30 արձանագրություն, որից 17-ն ապօրինի կառուցապատման ու հողազավթման, իսկ 13-ը՝ շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերն են։ Նախորդ զեկույցով կրկին նույն քանակի արձանագրություններ էին կազմվել։

2022-ին ՍիվիլՆեթը արձանագրել էր, որ Երևանում շուրջ 300 բազմաբնակարան շենք է կառուցվում։ Շինարարական փոշու տեսանկյունից ամենաաղտոտված վարչական շրջանը Կենտրոնն է։


Մեկնաբանել