Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետ քաշեն զորքերը․ ԵՄ դեսպան

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետ քաշեն իրենց զորքերը, մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում։ Այդ մասին մայիսի 15-ին Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։

«Բոլոր հարցերը պետք է քննարկվեն բանակցությունների սեղանին և եթե ուշադիր կարդաք Շառլ Միշելի հայտարարությունը, ապա կտեսնեք, որ հիմնական ուղերձը հենց դա է: Մենք իհարկե, գերիների վերադարձի ուղղությամբ բավական երկար ժամանակ աշխատում ենք: Նրա հայտարարությունում ասվում է՝ կա ընդհանուր ընկալում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն գալիք շաբաթների ընթացքում: Նախագահ Միշելը նաև ընդգծում է, որ չափազանց կարևոր է երաշխավորել փոխըմբռնումը այն առումով, որ այս աշխատանքը կշարունակվի և այս մարդիկ ազատ կարձակվեն արագացված գործընթացով: Մենք հասկանում ենք, որ չափազանց կարևոր է գալ համաձայնության։ Հուսով ենք, որ երկու կողմերն էլ զորքերը կհանեն և կանցնեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին»,- ասել է Վիկտորինը:

Երկու կողմերին զորքերը հետ քաշելու կոչ անելուց հետո լրագրողները հետաքրքրվել են՝ ինչ նկատի հայկական կողմի առումով, երբ ադրբեջանական զորքերն են ՀՀ տարածքում, ԵՄ դեսպանը պատասխանել է․ «Շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում։ Շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա է եղել Բրյուսելում օգտագործված ձևակերպումը»։

Ճշտող հարցին, թե որ կետերի կամ հատվածների մասին է խոսքը, Վիկտորինը նշել է․ «Մանրամասներին ծանոթ չեմ, բայց դա ես լսել եմ բանակցություններից»։

Մեկնաբանել