ՀՀ-ում Հունգարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Խաչատուրյանը շնորհավորել է Աննա Մարիա Շիկոյին՝ դիվանագիտական հարաբերությունների երկարատև դադարից հետո, Հայաստանում Հունգարիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Մենք մեծապես կարևորում ենք Ձեր նշանակումը: Հայաստանը և Հունգարիան՝ որպես դարավոր բարեկամ երկրներ շարունակելու են իրենց համագործակցությունը, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն իսկապես զարգացում ունենան: Վստահ եմ, որ Ձեր անձնական ներդրումը կունենաք մեր հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է նախագահը:

Դեսպանն իր խոսքում նշել է. «Մենք բավական երկար ենք սպասել այս պահին, և այսօր ունենք արդյունք: Մենք քրտնաջան աշխատեցինք և առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունգարիայում և նաև Հայաստանում աշխատող բոլոր նրանց, ովքեր այս ամենը հնարավոր դարձրեցին»:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարներին և առկա ներուժի լիարժեք իրականացմանը: Կարևորվել է կրթության, տուրիզմի և մշակույթի ոլորտներում համագործակցության խթանումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

***

Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցրել էր 2012-ի թվականին՝ այն բանից հետո, երբ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջան և անմիջապես ներում ստացավ Իլհամ Ալիևի կողմից:

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2022-ի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպմանը։ Որոշվել էր նաև, որ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն։

Մեկնաբանել