Ռուսաստանն է սպառազինության պարտավորության չկատարողներից մեկը․ Գրիգորյանը հերքում է ՊՆ-ին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2023-ի մայիսի 13-ին «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարզացրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի ստանում Ռուսաստանից պատվիրած սպառազինությունը, որի համար արդեն վճարել է։

Հարցազրուցում ԱԽ քարտուղարն արձանագրում է, որ անվտանգային նախկին մեխանիզմները, պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում [Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ – խմբ.], և պետք է փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, որովհետև օբյեկտիվորեն Հայաստանը չի ստանում այն, ինչ պատվիրել է և ինչի համար վճարել է Ռուսաստանին։

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասի՞ն է, որը չի իրագործվել, Գրիգորյանը պատասխանել է․ «Մի քանի նման պայմանագրերի մասին, այն միակը չէ»։

Հայաստանին չմատակարարված սպառազինության հարցն արդեն երկար ժամանակ է՝ քաղաքական քննարկման առարկա է։

2022-ի սեպտեմբերի 29–ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ դաշնակից երկրները Հայաստանին չեն մատակարարում նախապես գնված զենքը։

«Ցավոք, նրանք (Ադրբեջանը՝ խմբ.) որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով և փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ չհնչեցնելով որևէ երկրի անուն։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո լուրեր տարածվեցին, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Տեղեկության սզբնաղբյուրը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանն էր։

Հաջորդ օրը պաշտպանության նախարարությունը փաստացի հերքել էր այս տեղեկությունը։

«ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները երբևէ չեն ընդհատվել։ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականացվում է կնքված պայմանագրերին համապատասխան»,- նշված է ՊՆ-ի գրավոր պատասխանի մեջ։

Նույն օրը՝ սեպտեմբերի 30-ին, վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կրկին անդրադարձել էր այս հարցին։ Նա խուսափոխական պատասխան էր տվել լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք սպառազինության մատակարարման պարտավորությունները չկատարող դաշնակիցը Ռուսաստա՞նն է։

«ՊՆ-ի հայտարարության մեջ գրված է՝ Ռուսաստանի Դաշնություն, իմ հայտարարության մեջ ՌԴ-ի մասին ոչինչ ասված չէ և որևէ կոնկրետ երկրի անուն ասված չէ։ Ինչ հարկ եմ համարել՝ հայտարարել եմ, ՊՆ-ի հաղորդագրության հետ ոչ մի հակասություն չկա, որովհետև կան բազմաթիվ նրբություններ, որոնք բացահայտման ենթակա չեն։ Իմիջիայլոց, ՊՆ-ն ճշգրիտ է ձևակերպել՝ տառին համապատասխան, բայց կրկնում եմ՝ եթե ես հարկ համարեի երկիր հիշատակել՝ ես կհիշատակեի, ես ասել եմ այնքան, որքան հարկ եմ համարել, ինչ որ ասել եմ՝ ճիշտ եմ ասել։ ՊՆ-ն էլ, բնականաբար, սխալ չի ասել։ Թերևս այսքանով բավարարվենք, ի դեպ, պայմանագրերում շատ բան կա գրված։ Պայմանագրերում կետ կա նաև, թե ինչ է լինում սահմանված ժամկետում չմատակարարելու դեպքում և այլն, հազար ու մի բան կա։ Բնականաբար ամեն ինչ տեղի է ունենում պայմանագրերով նախատեսված ձևերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Պաշտպանության նախարարության և Փաշինյանի այս հայտարարությունները որոշակի խառնաշփոթ էին ստեղծել։ Մինչդեռ Արմեն Գրիգորյանը «Նովայա գազետա Եվրոպա»-ին տված հարցազրույցում հաստատել է, որ սպառազինության մատակարարման պարտավորություններ չկատարողը հենց Ռուսաստանի Դաշնությունն է։

Մեկնաբանել