Սամվել Բաբայանը հանրահավաք արեց ու տասը օր ժամանակ տվեց

Մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքին պահանջ ներկայացվեց Սամվել Բաբայանին նշանակել պետական նախարար՝ լայն լիազորություններով։

Պահանջը Արցախի նախագահին ներկայացրել է Արցախի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Թովմասյանը։

Ավելի ուշ Սամվել Բաբայանը և Արթուր Թովմասյանը հանդես եկան հայտարարություններով։

Բաբայանն ասաց, որ քննարկել են իշխանությունների հետ. «Առաջարկը մեր կողմից է եղել։ Տասը օր ժամանակ ենք վերցնում կոնսուլտացիաների՝ որոշումներ կայացնելու համար: Եթե ոչ, ես կոչ եմ անելու, որ բոլորով հավաքվենք այստեղ ու մեր խնդիրները լուծենք, սա է մեր առաջարկը, և իշխանությունները ընդունել են այդ առաջարկը»։

Արթուր Թովմասյանն էլ ասաց, որ երկրի նախագահը ամենայն հարգանքով վերաբերվեց ցուցարարների պահանջին․ «Այն, ինչ ասաց պարոն գեներալը, ես չեմ ուզում կրկնել։ Տասը օրից հետո ես միջնորդ չեմ լինելու։ Եթե ձեր պահանջը չբավարարվեց, դուք եք իմանում, ինչ կուզեք՝ կանեք»։
Ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ․ «Հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ»։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել