Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա. փոխարտգործնախարար

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համատեքստում Հայաստանի անվտանգության խորհրդում քննարկվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, սակայն որոշում է կայացվել չանել այդ քայլը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մնացական Սաֆարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես կոնկրետ ժամկետը չեմ կարող ասել, որովհետև դա քննարկվել է Անվտանգության խորհրդում։ Կարծում եմ, որ դա եղել է սեպտեմբերյան իրադարձությունների շրջանում։ Որոշում է ընդունվել չանել այդ քայլը և շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Ինչպես գիտեք, այս աշխատանքները շարունակվում են, և մենք դրա մասին հայտարարել ենք։ Շուտով կլինեն քննարկումներ Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված, որի մասին կտեղեկացնենք»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա։

Փոխնախարարը հիշեցրեց՝ Հայաստանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի քաղաքական գնահատական․ «Ինչ-որ պահի այս քննարկումները կարող են վերսկսվել»։

Մեկնաբանել