Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմել է դատարան լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու միջնորդությամբ, հայտնում է Ավինյանի փաստաբան Հարություն Հարությունյանը։
«Վստահորդիս՝ Տիգրան Ավինյանի հետ քննարկելով ստեղծված իրավիճակը՝ մեր հայցով լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ կիրառված հայցի ապահովման միջոցի մասով և ի արձագանք մայիսի 12-ի հայաստանյան լրագրողական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության, ինչպես նաև ընդգծելու համար Տիգրան Ավինյանի դիրքորոշումը՝ որևէ լրատվամիջոցին սնանկացնելու կամ հատուկ որևէ ֆինանսական անհարմարություններ պատճառելու նպատակ չունենալու մասին, այսօր միջնորդություն եմ ներկայացրել դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբանը։
Մայիսի 10-ին հայտնի էր դարձել, որ «168 ժամ»-ի լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրվել։ Լրագրողի նյութերից մեկի հրապարակումից հետո Տիգրան Ավինյանը դիմել էր դատարան՝ ներողություն խնդրելուն, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջով: Դավիթ Սարգսյանի աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք էր դրվել, քանի որ հայցվոր կողմը դատարանից պահանջել է կիրառել հայցի ապահովման միջոց, ինչը բավարարվել է մասնակի՝ 9 միլիոն դրամի չափով:
Մայիսի 12-ին հայաստանյան լրագրողական կազմակերպությունները հայտարարություն էին տարածել՝ դատարանից պահանջելով անհապաղ չեղարկել որոշումը, հանել արգելանքը գույքի և բանկային հաշիվների վրայից և անցնել բուն վեճի քննությանը։ Լրագրողական կազմակերպությունները փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանից պահանջել էին ցուցաբերել առավել հանդուրժողականություն և դատական գործում կենտրոնանալ իր մասին հրապարակման ճշգրտման ու, եթե հիմքեր կան, հերքման վրա, կամ, ինչը գերադասելի է, հետ վերցնել հայցը և խնդիրը լուծել արտադատական կարգով՝ դիմելով Տեղեկատվական վեճերի խորհուրդ։