ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Հայաստան է ներմուծվել կոկաին տեսակի մոտ մեկ տոննա քաշով թմրամիջոց՝ շուրջ 250 միլիոն եվրո արժողության։ Թմրամիջոցը հայտնաբերվել է և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
«2023-ի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում»,- ասված է հաղորդագրությունում։
Ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ։ Նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 16-ին իտալական ANSA գործակալությունը փոխանցել էր, որ Իտալիայի Ջոյա Տաուրո նավահանգստում առգրավել են ավելի քան 2,7 տոննա կոկաին, որը պետք է Վրաստանի Բաթումի նավահանգստով տեղափոխվեր Հայաստան։ Նշվում է, թմրանյութը թաքցվել էր Էկվադորից Իտալիա ուղարկված բանանի արկղերում։