Արմեն Ռուստամյանը սխալվում է, Արթուր Խաչատրյանը՝ «մոռանում որոշ դրվագներ»

#Հայկ Հովհաննիսյան, #Անի Գրիգորյան, #CivilNetCheck

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմեն Ռուստամյանը մայիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, թե Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման ժամանակ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն է հայտնել իր բոլոր միջոցներով ներկա գտնվել, իսկ Հայաստանը համապատասխան չի արձագանքել։

«Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ էլ ՀԱՊԿ-ն ասել է, որ ես պատրաստ եմ և իմ բոլոր միջոցներով կարող եմ ներկա գտնվել, սպասում ենք Հայաստանի արձագանքին։ Հայաստանը արձագանքում է էնպես, որ ՀԱՊԿ գոյություն չունի»,- ասել է Ռուստամյանը։

Պատգամավորը սխալվում է

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է 2021-ի մայիսին և նոյեմբերին (առնվազն բանավոր), ինչպես նաև 2022-ի սեպտեմբերին։ Բոլոր դեպքերում դիմումները մնացել են անարդյունք՝ ՀԱՊԿ-ը Հայաստանին ռազմական ներկայություն կամ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն չի հայտնել և չի տրամադրել՝ հակառակ ՀԱՊԿ կանոնադրության երկրորրդ և չորրորդ հոդվածներով ունեցած պարտավորությունների։

Երկու դեպքում էլ ՀԱՊԿ-ը ուղարկել էր մոնիտորինգային առաքելություն, և հայտարարություններ հնչեցրել այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված և սահմանագծված չէ։

Այսպես, 2022-ի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ խոսք չկա ՀԱՊԿ-ի կողմից ի աջակացություն Հայաստանի ռազմական ուժ կիրառելու կամ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին։

«ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելը դեռ օրակարգում չէ։ Այսինքն, ռազմական ուժ կիրառելու մասին, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո՛չ սեպտեմբերի 13-ին, ո՛չ երեկ, ո՛չ այսօր և, կարծում եմ, ո՛չ էլ մոտ ապագայում, խոսք չկա»,- ասել էր Սիդորովը։

2022-ի նոյեմբերից հետո Հայաստանին առաջարկված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, որը Հայաստանը չստորագրեց, ևս ներառում էր միայն դիտորդական առաքելության տեղակայում և որոշ ռազմատեխնիկական օգնություն (առանց հստակ ցանկի)։

Պատգամավորը նաև մոլորեցնում է

Պատգամավորը նաև մոլորեցնող պնդում է հնչեցրել, որ միջնորդ հանդիսացող ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն չեն կարող պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը այն պայմաններում, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Դուք պատկերացնո՞ւմ եք միջնորդի դերում հանդիսացող ՀԱՊԿ-ը կամ ՌԴ-ն. եթե դու քո իրավունքները չես պաշտպանում, եթե դու գնում ասում ես, որ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և հիմա էլ արդեն թվերով ենք արձանագրում, էդ միջնորդը ո՞նց պիտի պաշտպանի էն հարցը, որտեղ տարածքային ամբողջականության մեջ չպիտի լինի Ղարաբաղը»։

Պատգամավորի այս պնդումը մոլորեցնող է, քանի որ նախ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդ չէ, և Լեռնային Ղարաբաղը կապ չունի ՀԱՊԿ-ի` ՀՀ տարածքը պաշտպանելու ունեցած պարտավորությունների հետ։

Բացի այդ, 2021-ի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022-ի սեպտեմբերին Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ դեռ չէր հայտարարել։ Փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը եղավ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում։

Այպիսով, սխալ է պատգամավոր Արմեն Ռուստամյանի պնդումը, թե Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման ժամանակ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն է հայտնել իր բոլոր միջոցներով ներկա գտնվել, իսկ պնդումը, թե ՀԱՊԿ-ի կողմից պարտավորությունների չկատարումը պայմանավորված է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ՝ մորոլեցնող։

Արթուր Խաչատրյանը «մոռացել է որոշ դրվագներ»

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը մայիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, թե Հայաստանի որևէ իշխանություն երբեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում չի ճանաչել։

«…1992-ի հուլիսի 8-ի որոշումը (Գերագույն խորհրդի որոշումը – խմբ.) դրա պարզ ապացույցն էր, 1996-ի Լիսաբոնի գագաթաժողովի բանաձևի վետոն դրա հստակ ապացույցն է, Քի Վեսթը դրա հստակ ապացույցն է, որտեղ միջազգային պաշտպանված ճանապարհի դիմաց Ադրբեջանը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի և Լաչինի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ Մադրիդյան սկզբունքները և 2018-ին հունվարյան փաստաթուղթը, որն իր խոսքով, ժառանգել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կրակովյան փաստաթուղթը ևս վերոնշյալի ապացույցն էին։

Արթուր Խաչատրյանն իր թվարկած փաստաթղթերի շարքում, սակայն, չի նշում «Ընդհանուր պետություն» կարգավորման առաջարկների մասին, որում թեև ուղղակիորեն չի ասվում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի ենթակայության տակ դրվելու մասին, սակայն խոսվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում ընդհանուր պետություն ձևավորելու մասին։

1998-ի նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած «Ընդհանուր պետության» կարգավորման առաջարկներում նշվում էր․

Լեռնային Ղարաբաղը Հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

ԼՂ կարգավիճակի մասով նշվում էր, որ այն կունենա մի շարք իրավունքներ ու արտոնություններ։

«Լեռնային Ղարաբաղը կունենա սեփական Սահմանադրություն, որը հանրաքվեով կընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կող­մից: Այդ Սահմանադրությունը կներմարմնավորի Լեռնային Ղա­րաբաղի կարգավիճակի մասին Համաձայնագրի դրույթները: Ադրբեջանը համապատասխանաբար փոփոխություններ կմտցնի իր Սահմանադրության մեջ՝ այդ Համաձայնագիրը ներառելու համար»,- նշված էր առաջին կետով։ Նաև ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղը կունենա իր դրոշը, զինանշանը և օրհներգը, իսկ ԼՂ քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր՝ «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով, որոնք հանձնելու իրավունք կունենա միայն Լեռնային Ղարաբաղի կառավարությունը։

Ընդհանուր պետության առաջարկին Հայաստանը հավանություն է տվել 1998-ի նոյեմբերի 25-ին, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։

«Հայաստանն ընդունում է այս փաստաթուղ­թը որպես հիմք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակ­ցությունների համար: Այս փաստաթղթում տեղ գտած մի շարք դրույթների վերաբերյալ Հայաստանն ունի վերապահումներ, սակայն դրանց կանդրադառնա բանակցությունների ընթացքում»- նշված էր պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ։

Ավելի հետ գնալով՝ 1992-ի մարտի 5-ին՝ Արցախյան պատերազմի սկզբնական փուլում, երբ Արցախը դեռ ցամաքային կապ չուներ Հայաստանի հետ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ հարցազրույցում ասել է․ «Հայկական կողմը բանակցությունների մեկնարկի համար կարող է առաջարկել հետևյալ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնավարություն, Լեռնային Ղարաբաղի լիակատար ապաշրջափակում և նորմալ կենսագործունեության ապահովում։ Այդ որոշումը, կարծում եմ, կարող է ընդունելի լինել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար»։

Մեկնաբանել