Կառավարությունը ևս 5 տարով երկարաձգում է Քոչարյանի գրասենյակի վարձակալության ժամկետը

Կառավարությունը ևս 5 տարով երկարաձգում է «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հատկացված տարածքի վարձակալության գործողության ժամկետը։ Որոշումն ընդգրկված է կառավարության մայիսի 18-ի նիստի օրակարգում։

«Էրեբունի պլազա»-ում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղակայման համար պայմանագիրը սկսել է գործել 2008-ից։ Պետությունը՝ վարձակալելով տարածքը բիզնես կենտրոնից, այն անհատույց օգտագործման է հանձնում Քոչարյանի գրասենյակին։

«Միաժամանակ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով պետական գույքի կառավարման կոմիտեին հատկացվել է 2 միլիոն դրամ»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Վարձակալվող տարածքի մակերեսը 374 քառակուսի մետր է։

Առաջիկա 5 տարիների համար վարձակալության գումարը չի փոփոխվի։

Մեկնաբանել